Ռումինիայի հայերի միության նախագահ, այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե այդ երկիրն ունի թուրքական ինչ-որ բարդույթ և այդ պատճառով մինչև այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Պետք է ասեմ, որ Ռումինիան պարադոքսալ երկիր է: Մի կողմից շատ է հարգում հայ համայնքին: Կարող եմ ասել, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ հայ համայնքն ունենա ավելի շատ իրավունքներ, որքան ունի ռումինահայ համայնքը: Մյուս կողմից էլ՝ Ռումինիան Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, ու քանի որ այդ երկիրը պատմականորեն, չգիտես, թե ինչու թուրքական ինչ-որ բարդույթ ունի և Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել: Դրա համար էլ մեր ջանքերը նախ ուղղվում և կենտրոնանում են Ցեղասպանության ճանաչմանը: Ու քանի որ առաջիկայում Ռումինիայում ընտրություններ են սպասվում, մենք բաց նամակներ ենք հղելու բոլոր թեկնածուներին, որ իրենց դիրքորոշումն արտահայտեն Ցեղասպանության ճանաչման հարցում: Եվ բաց նամակ ենք հղելու կուսակցություններին, նաև հարց պիտի տանք կառավարությանը՝ թե վարչապետին, թե արտաքին գործերի նախարարին, որպեսզի իրենք էլ Ցեղասպանության մասին ներկայացնեն իրենց պաշտոնական տեսակետը: Միևնույն ժամանակ մենք կփորձենք աշխատել տեղական իշխանությունների հետ: Ունենք մի նախագիծ, որը հայկական բնակչություն ունեցող քաղաքների կենտրոններում Ցեղասպանության հուշարձաններ դնենք: Եկող տարի աշնանը մեծ ցուցահանդես ենք պատրաստում, որը կվերաբերի Ռումինիայում հայ մշակութային ժառանգությանը»,- ասաց Վ. Ոսկանյանը:







































