Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր երկրի նկատմամբ բոլոր պատժամիջոցները համարել է անօրինական, այդ թվում՝ նրանք, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ: Այս մասին գրում է BBC-ն:
«Մենք խոսում ենք պատժամիջոցների մասին, բայց մենք պետք է հասկանանք, որ բոլոր պատժամիջոցներն անօրինական են՝ ինչպես ԱՄՆ սահմանած միակողմանի, այնպես էլ ԵՄ-ի կողմից՝ բազմակողմանի կամ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը»,- ասել է Ռուհանին:
Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ Իրանի և «վեցյակի» բանակցությունների վերջին փուլում առաջընթացը չափազանց դանդաղ է ձեռք բերվել:
«Մենք պետք է արագ առաջ շարժվենք՝ հաշվի առնելով իրականությունը, և հասնենք վերջնական համաձայնության: Դա ձեռնտու կլինի տարածաշրջանում կայունությանը»,- ասել է նա:
Ռուհանին հավելել է, որ Իրանը մտադիր չէ հրաժարվել խաղաղ միջուկային ծրագրից:
Իրանի նախագահը պահանջում է նաև չեղյալ հայտարարել իր երկրի նկատմամբ պատժամիջոցները և անթույլատրելի է համարում որևէ նախապայման՝ միջուկային ծրագրի շուրջ ընթացիկ բանակցությունների կոնտեքստում:
«Նախևառաջ՝ նախապայմաններ և պատժամիջոցներ չպետք է լինեն: Դրանք երբեք կառուցողական չեն եղել»,- հայտարարել է Իրանի նախագահը:











































