Երեկվա զարգացումներից հետո առաջիկա նախագահական ընտրությունները միասնաբար բոյկոտելու հնարավորությունն, ըստ էության, անհնար դարձավ:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ քաղաքական որոշ ուժեր այս ընթացքում քննարկել են 2013-ի ընտրությունները բոյկոտելու հնարավորությունը, որոշները դա չեն բացառում: Այս ընթացքում բոյկոտի մասին խոսել են, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իսկ երեկ էլ կայքերից մեկը հրապարակեց, որ մի խումբ ուսանողներ շրջում են տարբեր կուսակցությունների գրասենյակներով և առաջարկում միանալ իրենց «Բոյկոտ, ոչ» շարժմանը:
Երեկ, սակայն, «Ազատություն» կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին: Եվ Բագրատյանը կտրականապես դեմ է բոյկոտին: Ու քանի որ «ՀԺ» հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետը հաստատեց, որ իր որոշումը վերջնական է, թերթը նրան հարցրեց.
– Պարոն Բագրատյան, այս օրերին շատ է խոսվում նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին, հնարավո՞ր է, որ ի վերջո Դուք էլ որոշեք բոյկոտել ընտրությունները:
– Դա «հայկական տրամաբանություն» է: Ես այդ տրամաբանությանը դեմ եմ:
– Կհիմնավորե՞ք՝ ինչու:
– Շատ պարզ, եթե մենք վախենում ենք պարտվել Սերժ Սարգսյանին, ուրեմն՝ վախկոտ ենք, այսպիսով՝ մենք նախագահական ընտրություններում, իմ կարծիքով, կարող ենք բոյկոտել միայն ինքներս մեզ:
– Իսկ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեր շուրջը կոնսոլիդացիա տեղի ունենա, նոր շարժում ձևավորվի:
– Տա Աստված:
Սրանք էին Բագրատյանի պատասխանները. այնպես որ, միասնական բոյկոտ հաստատ չի լինի: Այդուամենայնիվ, որոշ շրջանակներ մնում են այն տեսակետին, որ այս իրավիճակում բոյկոտը ամենաճիշտ տարբերակն է, բոյկոտելով առաջիկա նախագահական ընտրությունները, իրենք բավական անհարմար վիճակի մեջ են դնելու Սերժ Սարգսյանին՝ այս կերպ նրա համար լեգիտիմության խնդիր ստեղծելով: Որոշ շրջանակներ էլ պնդում են, որ բոյկոտը չի խոչընդոտի ռեժիմի վերարտադրմանը, միևնույնն է՝ Սերժ Սարգսյանը թեկնածուներ կգտնի, և անհրաժեշտ է առաջադրվել ու պայքարել:








































