Բրիտանական Lostprophets խմբի մենակատար Յան Ուոթքինսին ձերբակալել են մանկապղծության մեղադրանքով: Դեկտեմբերի 19-ին Քարդդիֆի դատարանում կայացել է այս գործով առաջին նիստը: Դատարանը նրան ազատ չի արձակել՝ չնայած գրավի դիմաց նրան բաց թողնելու խնդրանքին:
«Երաժշտի դեմ մեղադրանքները վերաբերում են 2012 թ. մայիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածին»,– տեղեկացնում է The Guardian-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը: 35-ամյա երաժշտին մեղադրում են մանկապղծության հինգ դեպքերի մեջ: Հետաքննության տվյալներով՝ նա, օրինակ, ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ 13 տարեկանից փոքր աղջկա հետ, այնուհետև նրա ինտիմ լուսանկարները տարածել։ Այս մասին գրում է BBC News-ը: Բացի դրանից, նա մի կնոջ հետ միասին ծրագրավորել է բռնաբարել մեկ տարեկան աղջնակի: Ուոթքինսի մոտ նաև հայտնաբերել են անասնապղծության մասին պոռնոգրաֆիկ նյութեր:
Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 31-ին:
Ինչպես նշում են ԶԼՄ-ները, Lostprophets-ն արդեն հետաձգել է իր ծրագրած համերգները: Ռոք խումբն իր գործունեությունը սկսել է 1997-ից: Երաժիշտները ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ 3,5 միլիոն ալբոմ են վաճառել:







































