Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը սկսել է գազատարի կառուցումը, որն իրանական գազը կհասցնի Իրաք և Սիրիա: Այս մասին հայտնել է իրանական «Ալ-Ալյամ» արբանյակային հեռուստաալիքը:
Գազամուղի երկարությունը կկազմի 1500 կիլոմետր։ Այն օրական 25 միլիոն խորանարդ մետր գազ կմատակարարի Իրաքին ու Սիրիային: Նշվում է, որ գազատարի 225 կիլոմետրանոց հատվածն անցնելու է Իրաքի տարածքով՝ մայրաքաղաք Բաղդադից մինչև սիրիական սահման:
Պլանավորված է գազատարի կառուցումն ավարտել մինչև 2013 թվականի աշուն: Չի բացառվում, որ հետագայում այս խողովակաշարով, Իրաքից ու Սիրիայից բացի, մատակարարվեն նաև այլ երկրներ, այդ թվում՝ նաև Եվրոպայում:
Իր գազային պաշարներով Իրանն աշխարհում երկրորդն է՝ Ռուսաստանից հետո: Իրանում օրական արդյունահանվում է գրեթե 600 միլիոն խորանարդ մետր գազ:









































