Ամերիկացի բժիշկները, որոնք ռազմական առաքելությամբ աշխատում են Աֆղանստանում, հայտարարել են, որ զինվորներին սպառնում է տեղի մակակների հարձակում, հաղորդում է The Washington Post-ը:
Բժիշկները ԱՄՆ-ի զինվորական ստորաբաժանումներին խորհուրդ են տվել միջոցներ ձեռնարկել՝ զինվորներին այդ վտանգից պաշտպանելու համար:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կայքում հրապարակված հաշվետվության համաձայն՝ 2011թ. սեպտեմբերից դեկտեմբեր գրանցվել է 10 դեպք, երբ Macaca mulatta տեսակի կապիկները կծել են ամերիկացի զինվորականներին: Չնայած մահացու դեպքեր չեն գրանցվել, սակայն դա կարող է ինֆեկցիոն լուրջ հիվանդություններ առաջացնել:
Այս կապակցությամբ բժիշկներին Աֆղանստան ուղարկելուց առաջ անհրաժեշտ է նրանց հատուկ նախապատրաստել, որպեսզի կարողանան ճիշտ բուժում ընտրել:
Զեկույցում նշվում է, որ զինվորների վրա հարձակող մակակները հիմնականում պատկանում են տեղի բնակիչներին կամ Աֆղանստանի ազգային բանակի զինվորներին:









































