Ժամանակավոր կացարանում անօթևանների շուրջօրյա խնամքի կազմակերպման համար «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին հատկացնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվել է 7 մլն 500 հազար դրամ։ Կացարանում մոտ 40 անօթևաններ են մնում:
Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նիստում հաստատված ժողովրդագրական միջոցառումների ծրագիրն ունի նաև կանխարգելիչ բնույթ և դրանով է պայմանավորվում այն խնդիրների լուծումը: Ըստ նրա՝ ծրագիրը մի քանի տասնյակ միջոցառումներ է ներառում, ժողովրդագրության հետ կապված խնդիրները մեկ ուղղությամբ չեն, այլ՝ տարբեր ուղղություններով, նաև մոնիտորինգի ծրագիր է ընգրկվել, որում որակական ցուցանիշներ են ներառվել:
Նախարարը նաև նշեց, որ «Զատիկ» մանկատունը վերածվում է աջակցության կենտրոնի և դա նշանակում է սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել ընտանիքներին, որպեսզի երեխաները չկտրվեն ընտանիքներից. «Նման քաղաքականությունը շարունակական է լինելու: Ցերեկային և նմանատիպ կենտրոնների ստեղծումը կանխարգելիչ բնույթ ունի»:








































