Կառավարությունն այսօր նիստում իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ` փոխհատուցելով գործարար համայնքին աջակցելու նպատակով եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման շրջանակում մինչև 2012 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտի միջոցով թվային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված ծախսերը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ կառավարության տրամադրած այդ արտոնությունից օգտվել է շուրջ 5 հազար 200 մարդ, կառավարությունն էլ ամբողջությամբ կատարել է գործարար համայնքի առջև ստանձնած իր պարտավորությունը։
Մեկ այլ որոշմամբ 2012 թ. ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով հարկ վճարողներին վերադարձման ենթակա ԱԱՀ գումարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հատկացվել է 1.5 մլրդ դրամ։
ՀՀ ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով նախարարությանը հատկացվել է 150 մլն դրամ։










































