ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի երկրների ինքնաթիռները, որոնք գիշերը ավիահարվածների նոր շարք են հասցրել Սիրիայում իսլամիստ գրոհայինների դիրքերին, չեն կիրառել Թուրքիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի բազաները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրին:
Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը հրապարակել էր տեղեկատվություն, համաձայն որի՝ ավիացիան, որը Հալեպի մերձակայքում ավիահարվածների նոր շարք էր իրականացրել, իբրև թե թռել է Թուրքիայի կողմից:
Ինչպես հայտնում են գործակալության բարձաստիճան աղբյուրները, ովքեր ծանոթ են իրավիճակին, այդ ինքնաթիռները ոչ միայն չեն կիառել ամերիկյան ռազմաբազաները, որոնք գտնվում են հանրապետության տարածքում, այլև նույնիսկ չեն խախտել նրա օդային տարածքը: Թուրքական իշխանությունների կողմից այդ հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի արվել:
Երեկ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է բազակողմանի աջակցություն ցուցաբերել կոալիցիայի երկրներին, այդ թվում՝ քաղաքական, ռազմական և լոգիստիկ:












































