Այսօր «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են։
Հիշեցնենք, որ հանդիպման առիթը ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի արտահայտությունն էր լրագրողին։ Նա իրեն հարց հղող լրագրողին ասել էր. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»։
Հանդիպմումից հետո HayNews.am-ը փորձեց լրագրողից տեղեկանալ, թե ինչ է նա քննարկել ԱԺ փոխնախագահի հետ, սակայն Մհեր Արշակյանն ասաց, որ դա հրապարակային հանդիպմում չէր. «Նա երեկ ներողություն էր խնդրել, այլևս պահանջելու ոչինչ չունեի»։
Նշենք, որ մի խումբ լրագրողներ դիմում-նամակ են պատրաստել ուղարկելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. «Հարգելի Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» և այլն: Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»:
Լրագրողից հրապարակավ իրենց կուսակից պատգամավորի փոխարեն ներողություն են խնդրել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ այս առնչությամբ Մհեր Արշակյանը դիմելու է ԱԺ էթիկայի հանձնաժողով։












































