«Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը 2012 թ.-ի դեկտեմբերից մինչև 2013 թ.-ի փետրվարն իրականացնում է հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագիր` Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները բացահայտելու, վերլուծելու, 2013 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ ընտրական նախասիրությունների դինամիկան պարզելու նպատակով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծրագրի նախնական տվյալները ներկայացրին Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը, «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի տնօրեն Արտակ Ալեքսանյանը և Gallup Europe-ի խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկիենեն:
Արտակ Ալեքսանյանը նշեց, որ լինելու է երեք ուսումնասիրություն. առաջինն արդեն անցկացվել է, երկրորդն իրականացվելու է հունվար ամսին, իսկ երրորդը՝ ընտրարշավի նախորդ օրը: Ըստ Ալեքսանյանի՝ նախագահական ընտրությունների օրը իրականացվելու է նաև exit poll:
Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը տեղեկացրեց, որ առաջին հարցումն անցկացվել է 2012-ի դեկտեմբերի 5-ից 16-ը, ընդգրկում է ամբողջ հանրապետությունը՝ հաշվի առնելով սեռային և տարիքային համամասնությունը: Հարցումներն անցկացվել են 1020 չափահաս բնակիչների շրջանում:
«Հարցումը նպատակ է ունեցել ներկայացնելու հանրապետությունում նախագահական ընտրություններին ընդառաջ` հասարակական տրամադրությունների ստարտային իրավիճակը: Սա իրականացվել է այն ժամանակ, երբ դեռ պարզ չէր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու նախագահական ընտրություններին, իսկ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրումը պաշտոնապես չէր հաստատվել»,- պարզաբանեց Գևորգ Պողոսյանը:
Նախագահական ընտրություններին ընդառաջ` Հայաստանում հանրային կարծիքի հարցման արդյունքները ներկայացրեց Gallup-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն:
Հարցին՝ ինչպե՞ս է փոփոխվել տնտեսական իրավիճակը Հայաստանում վերջին ամիսներին, հարցվածների միայն 33%-ն է պատասխանել, որ չի փոխվել, 27%-ը՝ որոշ չափով լավացել է, և մնացածը պատասխանել է, որ վատացել է:
Ինչպե՞ս է փոփոխվել հարցվածների ընտանիքների ֆինանսական վիճակը վերջին տասներկու ամիսներին` հարցվածների 21%-ը պատասխանել է, որ որոշ չափով վատացել է, 41%-ը՝ չի փոխվել, 26%-ը՝ որոշ չափով լավացել է:
Հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների 36%-ը չի հետաքրքրվում քաղաքականությամբ, 28 %-ը միջին հետաքրքրություն է ցուցաբերում, իսկ 36 %-ը շատ է հետաքրքրվում: Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի հարցվածների 42%-ը, 36% -ը ամենայն հավանականությամբ կմասնակցի: Բանախոսի կարծիքով`մասնակցությունը կկազմի 70%:
Հարցին` ո՞ւմ օգտին են քվեարկելու, հարցվածների 49%-ը պատասխանել է` Սերժ Սարգսյանի, 21%-ը՝ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 6%, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ 5%, Ռոբերտ Քոչարյանի՝ 5%, Վահան Հովհաննիսյանի՝ 3%, և 9% կազմել են չկողմնորոշվածները:
Հարցվածների 39 %-ը չէր քվեարկի Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, 16%-ը՝ Արթուր Բաղդասարյանի, 12%-ը՝ Ռոբերտ Քոչարյանի, 11%-ը՝ Սերժ Սարգսյանի, 7%-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:
Ըստ հարցումների` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքը 72%-ով դրական է, Սերժ Սարգսյանի վարկանիշը 61% դրական է, Ռոբերտ Քոչարյանի՝ 49%, Տիգրան Սարգսյանի՝ 43%:
Հարցին` կա՞ կուսակցություն, որը Ձեզ հոգեհարազատ է, հարցվածների 49%-ը նշել է «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և ՀԱԿ-ը:
Գագիկ Ծառուկյանի չառաջադրման դեպքում նրա պոտենցիալ ընտրողների ձայների 36 տոկոսը կգնա Սերժ Սարգսյանին, 13-ը՝ Ռոբերտ Քոչարյանին, 9%-ը` Րաֆֆի Հովհաննիսյանին, 4%-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Հարցման արդյունքում պարզվել է նաև, որ հարցվածների մեծ մասը քաղաքական անցուդարձին ծանոթանում է հեռուստատեսության լրատվական ծրագրերի միջոցով, այնուհետև՝ ընկերներից, բարեկամներից, ինտերնետից, ռադիոյից , թերթերից և աշխատավայրում` գործընկերներից:
Ամփոփելով հարցման արդյունքները և ներկայիս քաղաքական իրողությունները՝ սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը նկատեց, որ թեժ ընտրապայքար ակնկալել պետք չէ:







































