Հայաստանի հավաքականի երկրպագուները չեն սուլել Ռուսաստանի օրհներգը, նրանք սուլել են ռուս երկրպագուների վատ պահվածքը, որը համընկավ իրենց իսկ օրհներգի հետ:
Երեկ ամբողջ օրը ռուսական մամուլը ողողված էր լուրերով, թե իբր հայ երկրպագուներն իրենց շատ վատ են պահել և սուլելով՝ անարգել են Ռուսաստանի օրհներգը: Սակայն ոչ մի տեղ գրված չէ, որ հենց ռուս երկրպագուներն իրենց օրհներգի սկզբում պայթուցիկ նետեցին խաղադաշտ` դրանով հարուցելով հայ երկրպագուների զայրույթը:
Մասնավորապես Советский Спорт պարբերականը գրում է հետևյալը.
«Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումից առաջ կայացավ հավաքականների խաղերին նախորդող հանդիսավոր արարողությունը`հնչեցին մրցող թիմերի օրհներգերը:
Սակայն, ի տարբերություն ընդունված էթիկայի, Հայաստանի հավաքականի երկրպագուները գրեթե ողջ մարզադաշտով սուլեցին Ռուսաստանի օրհներգը:
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռոման Շիրոկովը հետևյալ կերպ է մեկնաբանել հայերի պահվածքը. «Ես չգիտեմ, թե այստեղ ինչպես է ընդունված, բայց ամբողջ աշխարհում նման պահվածքն անընդունելի է համարվում»:
Որպես ապացույց Советский Спорт-ի կայքում տեղադրված է նաև տեսանյութ, որը ուշադիր դիտելու, ավելի ճիշտ՝ ունկնդրելու դեպքում հաստատ կլսեք ռուս երկրպագուների նետած պայթուցիկի ձայնը, հենց որից հետո էլ Հայաստանի հավաքականի՝ այդ երեկո իսկապես իրենց հրաշալի դրսևորած երկրպագուները սկսեցին սուլել: Ուշադրություն դարձրեք տեսանյութի առաջին վայրկյանին: Նշենք, որ ավելի ազնիվ լինելու դեպքում ռուսական մարզական պարբերականի մեր կոլեգաները կարող էին ավելի լիարժեք տեսանյութ պատրաստել. ոչ միայն հստակ կլսվեր պայթուցիկի ձայնը, այլ նաև տեղ կգտներ ռուս երկրպագուների սադրող պահվածքը:








































