Ոչ իշխանական ուժերից մեկի ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը երեկ տեղի ունեցած եռյակի փակ նիստից հետո հայտարարել է, որ համատեղ հանրահավաքում վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարց չի դրվելու: Ըստ նրա` հիմա ով պահանջի վարչապետի հրաժարական, նշանակում է նա Հայաստանի իշխանական համակարգից բան չի հասկանում: Ըստ Հակոբյանի` այսօր մեկ անձի իշխանություն է, և ո՞վ է վարչապետն ընդհանրապես: Այսպիսով, առավել քան ակնհայտ է դառնում, թե ով կամ ինչ է ոչ իշխանական քառյակն ընդհանրապես կամ ով է այս քառյակին ուղղորդում ընդհանրապես:
Այս ամենը հասկանալու համար պարզապես հարկավոր է համադրել քառյակի գործողությունները չորս ամիս առաջ և այսօր: Չորս ամիս առաջ ով որ քառյակին ասում էր, որ վարչապետի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի, քանի որ խնդիրը համակարգային է, և այստեղ վարչապետը որոշող չէ, քառյակը վարչապետի հրաժարական չպահանջողներին դավաճան կամ ծախված էր որակում: Չորս ամիս է անցել, և այսօր ոչ իշխանական եռյակն ասում է, որ վարչապետը ոչինչ է, նա ուզում է, սակայն նրան խանգարում են: Այսպես էլ Վարդան Օսկանյանն էր ասում:
Այսպիսով, շղթան ամբողջանում է, և պարզ է դառնում, որ ոչ իշխանական ուժերը կատարեցին իրենց գլխավոր նպատակը՝ բացեցին Հովիկ Աբրահամյանի վարչապետության ճանապարհը: Այսօր էլ կատարում են մյուս խնդիրը՝ նրա ճանապարհը մաքրում են, փորձում են հասարակության համար լեգիտիմացնել Հովիկ Աբրահամյանին, հայտարարել, որ նա ուզում է, սակայն չեն թողնում:
Ամեն ինչ ավելի քան պարզ է: Չորս ամի՞ս էր պետք ոչ իշխանական ուժերին հասկանալու համար, որ վարչապետի փոփոխությունն, ըստ էության, ոչինչ չի փոխելու, քանի որ համակարգային խնդիր կա: Իսկ ի՞նչ են հասկանալու ոչ իշխանական ուժերը ևս չորս ամիս անց, և այսպես շարունակ:
Ցինիզմն ու անամոթությունը հայաստանյան քաղաքական դաշտին երբեք խորթ չեն եղել, սակայն միևնույն ժամանակ այն երբեք այսքան չի եղել, որքան այսօր: Ավելին` եթե մինչև վերջերս քաղաքական դաշտում ցինիզմ և անամոթություն կար, որ իրացվում էր հասարակության, քաղաքացիների աչքին նայելով, այսօր ցինիզմի և անամոթության դաշտում մի քիչ քաղաքականություն կա, որը սակայն իրացվում է առանց հասարակության, քաղաքացիների աչքերին նայելու: Որովհետև քաղաքացիները, հասարակությունն արդեն քաղաքական ուժերին չեն էլ նայում, որ նրանք կարողանան ժողովրդի աչքերի մեջ նայել:
Մնում է, որ ինչպես ոչ իշխանական ուժերի նիստերից մեկում, այնպես էլ ոչ իշխանականների հավաքին անակնկալ հայտնվի Հովիկ Աբրահամյանը, և ամեն ինչ կընկնի իր տեղը:
Լուսանկարը՝ Civilnet.am-ի










































