Եվրահանձնաժողովը 215 մլն եվրո կհատկացնի՝ օգնելու Սիրիային և նրա հարևան երկրներին՝ ասվում է Եվրահանձնաժողովի կայքում հայտնված մամլո հաղորդագրությունոում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ 165 մլն եվրոն կուղղվի տարածաշրջանի երկարաժամկետ զարգացմանը, իսկ 50 մլն եվրոն կհատկացվի մարդասիրական օգնության տրամադրմանը:
Եվրահանձնաժողովի կարծիքով՝ այդ միջոցների տրամադրումը պետք է թեթևացնի վիճակը Սիրիայի և հարևան երկրների հետ սահմանին: Այդ միջոցները կօգնեն նաև ապահովել տասնյակ հազարավոր փախստականների կարիքները, ովքեր վերջին մի քանի օրերին Սիրիայից անցել են Թուրքիա:
Ինչպես նշվում է մամլո հաղորդագրությունում, օգնության կարիք ունի Սիրիայի 10.8 մլն բնակիչ: Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր ավելի քան 6.4 մլն մարդ ստիպված է եղել լքել իր տունը և տեղափոխվել Սիրիայի այլ շրջաններ: Ավելի քան 3 մլն սիրիացիներ լքել են երկիրը որպես փախստականներ:









































