Դեկտեմբերի 19-ին Մեքսիկայի Դուրանգո նահանգի Գոմես-Պալասիո քաղաքի բանտը ժամանակավորապես փակվել է այն բանից հետո, երբ նույն օրը` ավելի վաղ, փախուստի անհաջող փորձի հետևանքով զոհվել էին 15 բանտարկյալ և 9 բանտապահ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Բանտի 500 բանտարկյալները տեղափոխվել են նահանգի այլ ուղղիչ հաստատություններ: Դուրանգո նահանգի ներկայացուցչի խոսքերով՝ բանտը ժամանակավորապես փակելու մասին որոշումը կայացվել է որպես «կանխարգելիչ միջոցառում»:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան բանտարկյալները փորձել են դուրս գալ բանտից ստորգետնյա թունելներով: Բանտապահները, հայտնաբերելով նրանց, սկսել են կրակել, սակայն բանտարկյալները դիմադրություն են ցույց տվել: Բանտապահներին հաջողվել է զինվորների օգնությամբ ճնշել բանտարկյալների խռովությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել են 15 բանտարկյալ և 9 բանտապահ:
2011թ. նույն բանտում բանտարկյալների խռովության հետևանքով զոհվել էր 11 մարդ:











































