Դեկտեմբերի 7-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին տեղեկացրել էր, որ ինքն այդ օրը ոստիկանությանը հարցում է ուղարկել մամուլում հրապարակված՝ «Բելաջիո» ռեստորանի մոտ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի կատարած կրակոցների վերաբերյալ: Թերթի թղթակիցը երեկ Հրայր Թովմասյանից հետաքրքրվել է՝ ոստիկանությունը պատասխանե՞լ է հարցմանը: «Դեռ ոչ, բայց կպատասխանեն»,- վստահեցրել է Թովմասյանը:
Վերջինս հաստատել է, որ հարցումը գրավոր է կատարվել: Իսկ պատասխանելու ժամկետ գոյություն չունի՞, օրենքի խախտում չէ՞ դա՝ թղթակցի այս դիտարկումներին նախարարը պատասխանել է՝ ո՞վ է ասում՝ օրենքի խախտում է: Տեղեկատվության ազատության մասին օրենքը հստակ սահմանում է, որ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում: Եթե այդ տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա դա դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
Եթե Թովմասյանն իսկապես դեկտեմբերի 7-ին նման հարցում է ուղարկել ոստիկանությանը, ապա անցել է 12 օր, ու փաստորեն ոստիկանությունից 5-օրյա ժամկետում Թովմասյանին ոչ պատասխան են ուղարկել, ոչ էլ՝ լրացուցիչ ժամանակի պահանջի մասին գրավոր տեղեկատվություն: Սա օրենքի կոպիտ խախտում է, որ արձանագրվել է ՀՀ ոստիկանություն-ՀՀ արդարադատության նախարար փոխհարաբերություններում: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:








































