Քենիայի ոստիկանությունը հաղորդում է, որ ձերբակալել են երկու անձնավորության, որոնք կեղծ անձնագրերով Նայրոբի են եկել Հայաստանից։
«Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով «Frans presse»-ին, հաղորդում է, որ Նայրոբիում անցած շաբաթվա ընթացքում երկու իրանցի է ձերբակալվել, որոնք փորձել են Քենիա մտնել իսրայելական կեղծ անձնագրերով։
Քենիայի ոստիկանության Ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Ջոն Մուլալուն «Frans presse»-ին ասել է, որ նրանք ժամանել են Հայաստանից և ցանկանում են իսրայելական կեղծ անձնագրերով մեկնել Բելգիա։ Նա նաև ասել է, որ ձերբակալվածները տղամարդ և կին են՝ ենթադրրում է, որ ամուսիններ են։
«Միգրացիոն ծառայությունների կողմից նրանք կմեղադրվեն կեղծ անձնագրեր կրելու համար», – ասել է ոստիկանության պաշտոնյան։
Անցած շաբաթվա ընթացքում Քենիայի Ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտից «Frans presse»-ին արդեն ասել էին, որ Ջոմո Կենյատայի անվան միջազգային օդանավակայանում հինգշաբթի օրը երկու իրանցի է ձերբակալվել, բայց դեռ պարզ չէ՝ ինչի մեջ են նրանց կասկածում՝ ահաբեկչական սպառնալիքների, թե՝ անօրինական ներգաղթի համար։
Օդանավակայանի անվտանգության ծառայության պաշտոնյան ասել է, որ Մերձավոր Արևելքից՝ հիմնականում Իրանից, Իրաքից և Սիրիայից անօրինական միգրանտները Քենիան հաճախ են օգտագործում որպես տարանցիկ կետ Եվրոպա հասնելու համար։ Պաշտոնյան նշել է, որ նրանք հաճախ փորձում են Հունաստանի, Կիպրոսի կամ Իսրայելի կեղծ անձնագրեր օգտագործել։
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:








































