Վաղը՝ 16:00-ին, կկազմակերպվի «Սեր և ընտանիք» խորագրով համերգ` ի պաշտպանություն ավանդական հոգևոր արժեքների և յաջակցություն բազմազավակ ընտանիքների: Համերգին կհաջորդի խաղաղ երթ: Այս մասին տեղեկացրեց «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը՝ հավելելով, որ եթե մեր արժեհամակարգով չղեկավարվենք, ենթակա կլինենք ոչնչացման: «Մենք խաղաղորեն, ևս մեկ անգամ, դիմելու ենք իշխանություններին ընտանիքների խնդիրների վերաբերյալ, ամենակարևորը՝ բազմազավակ ընտանիքների անհրաժեշտության մասին: Խոսելու ենք կոնկրետ խնդիրների մասին, բայց միջոցառումը անցկացնելու ենք դրական, առողջ լիցքերով: Կարգախոսն էլ պատահական չէ՝ հայ ընտանիք, հայ մշակույթ, հայ եկեղեցի: Հայ քաղաքական, հասարակական դաշտը լի է բացասական լիցքերով. պետք է խոսել խնդիրների մասին, բայց հիշեցնել, արժևորել արժեքները, ընտանիքը, քանի որ ինքնիշխանության հիմնական սյունը ընտանիքն է»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Հայաստանում գործում են ավելի քան 3000 ՀԿ-ներ, որոնք զբաղվում են հակահայկական քարոզչությամբ: Դրանք հիմնականում ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի կողմից:
«Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության» ղեկավար Արման Ղուկասյանն ընդգծեց, որ արտաքին վեկտորի կողմնորոշումից առաջ պետք է արժեքներին տեր կանգնել, «պետք է հակահայկական ուժերի դեմն առնել, այս առումով կանոնակարգել թե՛ լրատվամիջոցներին, թե՛ դրսից սնվող ՀԿ-ներին»:
«Մայրաքաղաքը՝ յուրաքանչյուրիս» ՀԿ ղեկավար Մելինե Յավրյանն ասաց, որ վաղվա միջոցառման մասնակիցները դրական լիցքեր են ստանալու, հետաքրքիր է լինելու:
Բանախոսներն ընդգծեցին, որ իրենք դրական միջոցառում անելով՝ իշխանամետ չեն դառնա. «Մենք իշխանամետ չենք, այլ պետականամետ ենք»:








































