Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Քութաիսիիում այցելել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակ: Սակայն այնտեղից նրա ելքը փակել են հականախագահական ակցիայի մասնակիցները: Սաակաշվիլին կարողացել է տարածքից դուրս գալ իր անվտանգության աշխատակիցների օգնությամբ:
Դրանից առաջ Սաակաշվիլին այցելել էր քաղաքապետարան: Նախագահի հակառակորդները հավաքվել էին քաղաքապետարանի առաջ և պահանջում էին նախագահի հրաժարականը: Սաակաշվիլին շենքից դուրս էր եկել՝ օգտագործելով շենքի մյուս մուտքը և այդտեղից մեկնել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակ, որտեղ ցուցարարները դիմավորել էին նրան:
Այդտեղ հավաքված բազմությունը նախագահի ուղղությամբ քարեր է նետել: 100-ից ավել մարդ հարձակվել է նախագահի շարասյան վրա, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել է նրան հեռու պահել մարդկանց բազմությունից:
Այնուհետև բազմությունը հարձակվել է պատգամավոր Ակակիյա Մինաշվիլիի վրա` փորձելով հարվածներ հասցնել նրան: Սակայն տեղի ոստիկանությունը կարողացել է պաշտպանել նրան ֆիզիկական վնասվածքներից:
Դեպքից հետո խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին ոստիկանությունից պահանջել է պարզել, թե ինչ է կատարվել և զգուշացրել է, որ նման գործողությունները վատ ավարտ կունենան բոլորի հմաար: Նա պատգամավորներին հանգստություն պահպանելու կոչ է արել:
Հաշվի չառնելով արված կոչը՝ պատգամավորների մի մասը լքել է խորհրդարանը` ի նշան բողոքի ընդդեմ իշխանությունների, որոնք չեն կարողանում պատգամավորներին հեռու պահել վիրավորանքներից և բռնություններից:
Վրաստանում ստեղծվում է նոր քաղաքական միավորում` «Վրաստանի հայրենասերների դաշինք»-ը, որի հիմնական խնդիրն է լինելու 2013թ-ի հունվարի 5-ից նախագահ Սաակաշվիլիի լիազորությունների առավելագույն կրճատումը, քանի որ հենց այդ օրն է լրանում նրա պաշտոնավարման ժամկետը:





































