Ճապոնացի հնագետները Հարունա հրաբխից ոչ հեռու՝ Գումմա պրեֆեկտուրայում, հայտնաբերել են զինվորի 6-րդ դարի աճյուն: Զինվորը կրում է այն ժամանակների համար բացառիկ զենք-զրահ` հայտնում է Agence France-Presse-ը: Դրանից ելնելով՝ գիտնականները ենթադրում են, որ նա կարող էր լինել բարձրաստիճան զինվորական կամ տեղի ղեկավարներից մեկը:
Աճյունը հայտնաբերվել է այդ տարածքում ճանապարհ կառուցելիս:
Ինչպես նշում են գիտնականները, կմախքը բավական լավ է պահպանվել, քանի որ թաղվել է հրաբխային փոշով: Այն ժամանակ, երբ նրան ծածկել է տաք փոշու ամպը, նա ծնկի է եկել՝ նայելով հրաբխին: Ինչպես ենթադրում են գիտնականները, նա աղոթել է կամ փորձել հանդարտեցնել տարերքը:
Տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև երեխայի աճյուն, սակայն ուսումնասիրողները դեռ չեն կարողանում հասկանալ՝ կապ ունե՞ն նրանք միմյանց հետ, ու մտադիր են ուսումնասիրել նրանց ԴՆԹ-ները:










































