Վերջերս Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետը հայտարարել է, թե իրենք իրավունք ունեն ոչնչացնելու բոլոր այն ինքնաթիռները, որոնք կփորձեն վայրէջք կատարել Ստեփանակերտում:
Նշենք, որ այս հայտարարության պատճառը մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումն է և Երևան-Ստեփանակերտ չվերթի իրականացումը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի է, թե ինչու է միջազգային հանրությունը լռում և չի արձագանքում ադրբեջանական կողմի նման հայտարարությանը. «Ըստ էության, սա Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության պաշտոնական սպառնալիք և հայտարարություն կարելի է ընկալել, և այդ ամենին միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հստակ և գործուն արձագաքներ ես չեմ տեսնում»:
Զոհրաբյանը նկատեց, որ այն դեպքում, երբ այդ հայտարարությունից ցնցվել էր նույնիսկ ադրբեջանական կողմնորոշմամբ հայտնի Մեթյու Բրայզան, ԵԱՀԿ ՄԽ-ն լռում է. «Կարծես թե ՄԽ համանախագահները չեն լսում պետական ահաբեկչության այս սպառնալիքը, որը հակասում է Եվրոպայի խորհրդում և միջազգային տարբեր կառույցներում Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին: Զարմանալի է, որ 21-րդ դարում` ԵԽ անդամ, ԵՄ հետ ասոցացման բանակցությունների մեջ գտնվող երկիրը պետական ահաբեկչության սպառնալիք է հնչեցնում, իսկ միջազգային հանրությունը ադեկվատ պատասխան չի տալիս»:








































