«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր տրամադրության տակ ունի 1-2 մլրդ դոլար, ինչը բավարար է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ երկարատև պատերազմ մղելու համար: Այս մասին գրում է ֆրանսիական Le Nouvel Observateur պարբերականը՝ վերլուծելով այդ խմբավորման ֆինանսական կարողությունը:
Ըստ պարբերականի՝ Սիրիայում կռվելու ընթացքում իսլամիտները «առատ աջակցություն են ստացել Պարսից ծոցի միապետությունների մասնավոր և պետական գործիչներից»: Այժմ կազմակերպությունն ունի ֆինանսավորման ավտոնոմ աղբյուր:
Պարբերականը գրում է, որ միայն իրաքյան Մոսուլ քաղաքի գրավումն ահաբեկիչների համար ապահովել է առնվազն 400 մլն դոլար, որւ գողացվել է տեղի բանկերից: Բացի այդ, կազմակերպությունը զբաղվում է ռեկետով և «հեղափոխական հարկ» է հավաքում Սիրիայի և Իրաքի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Եկամտի կարևոր աղբյուր է հանդիսանում նաև գերիների վաճառքը:
Բացի այդ, իսլամիստները կապեր են հաստատել մաֆիական խմբավորումների հետ, որոնք հետաքրքրված են իրենց տրամադրության տակ գտնվող նավթային ռեսուրսներով: Ըստ պարբերականի՝ նավթի վաճառքից միայն «Իսլամական պետությունը» ստանում է օրական 1 մլն դոլար:
Ընդհանուր առմամբ, պարբերականը գրում է, որ իր տրամադրության տակ այժմ իսլամիստական այդ խմբավորումն ունի շուրջ 1-2 մլրդ դոլար և գնալով ավելի պրոֆեսիոնալ է դառնում: Նրանք իրենց տրամադրության տակ ունեն «ուժեղ ծրագրային ապահովում և դիպլոմավորված մասնագետներ, որոնք կրթություն են ստացել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում»:
Պարբերականը գրում է, որ Ուսամա բեն Լադենի ահաբեկչական խմբավորումից պահանջվեց ընդամենը շուրջ 1 մլն դոլար՝ Միացյալ Նահանգներում 2001թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկչություններ կազմակերպելու համար: Մինչդեռ 1-2 մլրդ ռազմական բյուժե ունեցող «Իսլամական պետությունն» այսօր իր հզորությամբ և ֆինանսական կարողությամբ մրցակցությունից դուրս է թողել մյուս ահաբեկչական խմբավորումներին:
««Ալ-Կաիդա»-ի դեպքում մենք գործ ունեինք մի կազմակերպության հետ, որի միակ նպատակը ահուսարսափ սփռելն էր՝ կետային ահաբեկչություններ իրականացնելու միջոցով, ինչը շատ ծախսատար չէր, պարբերականին տված հարցազրույցում ասել է միջազգային ահաբեկչության մասնագետ Էնդրյու Լիփմանը: – Ինչ վերաբերում է ԻՊ-ին, ապա նրա գործողությունները ներառում են տարածքների գրավում և դրանց վերահսկում, իսկ դա հսկայական միջոցներ է պահանջում»:






































