Գվատեմալան սպասում է շուրջ 200 հազար զբոսաշրջիկի՝ տոնելու, այսպես կոչված, «աշխարհի վերջը», որը պետք է ուղիղ հեռարձակվի աշխարհի շատ երկրներում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Գվատեմալայի զբոսաշրջության ինստիտուտի տնօրեն Պեդրո Դուչեսին:
Համաձայն մայաների օրացույցի՝ 2012թ. դեկտեմբերի 21-ին ավարտվում է Արեգակի այսպես կոչված` Հինգերորդ դարաշրջանի շրջափուլը, որն սկսվել էր Ք. ծ. ա. 3114 թվականի օգոստոսին:
Այդ օրը օրացույցն ավարտվում է, ինչը հոռետեսներին հիմք է տալիս ենթադրելու, որ իբր մայաները գուշակել են աշխարհի վերջը:
«Արդեն հիմա գրեթե անհնար է գիշերակացի տեղ գտնել քաղաքներում, որոնք մոտ են գտնվում այն հնագիտական գոտիներին, որտեղ պետք է տեղի ունենան արարողությունները ու «Մայաների նոր արշալույսը» խորագրով փառատոնը»,- Դուչեսի խոսքերը մեջբերում են լատինաամերիկյան ԶԼՄ-ները:
Գվատեմալայում դեկտեմբերի 20-ին` երեկոյան ժամերից կսկսեն ներկայացումներ ցուցադրել 13 հնագիտական գոտիներում, որոնք կապ ունեն մայաների հետ:







































