Եվրոգոտում ճգնաժամը ԵՄ անդամ երկրների միջև սոցիալական զգալի տարբերություններ է առաջացրել, գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով Բերտելսմանի հիմնադրամի ուսումնասիրության արդյունքներին:
«ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև տարբեր սերունդների միջև սոցիալական աճող տարբերությունը կարող է լարվածություն և վստահության հիմնավոր անկում առաջացնել»,- փաստում է հիմնադրամի նախագահ Յորգ Դրեգերը:
Նրա խոսքերով՝ այս միտումի շարունակվելը հարվածի տակ է դնում եվրոինտեգրման ծրագիրը: Դրեգերը կարծում է, որ ԵՄ-ն սոցիալական արդարության թեման պետք է առաջին պլան մղի:
Հիմնականում սոցիալական անհավասարության աճը վերաբերում է Հարավային Եվրոպային, երկրների, որոնք չկարողացան ադեկվատ բաժանել ճգնաժամի հետ կապված ծանրաբեռնվածությունը տեղի բնակիչների միջև: Ուսումնասիրության համաձայն՝ սոցիալական արդարության ամենացածր մակարդակը Հունաստանում է գրանցվել, որը երկրների ցուցակում վերջին տեղն է զբաղեցրել: Ցածր դիրքերում են նաև Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան: Վերին տեղերում են Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան և Նիդեռլանդները:
Բերտելսմանի հիմնադրամի փորձագետներն աշխատել են արդարության ինդեքսի վրա, որը մի շարք չափանիշներ է ներառում՝ կրթության մակարդակ, զբաղվածություն, բնակչության սոցիալական միասնություն, առողջապահություն, ինչպես նաև սերնունդների միջև հավասարություն և խտրականությունների բացակայություն:










































