Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ EU Reporter-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«Եվրոպան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դերակատարներից մեկն է, քանի որ ունի հատուկ ներկայացուցիչ ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության, այլև Վրաստանի ու Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորման գծով: Եվրոպան ակնդետ հետևում է Ղարաբաղյան բանակցային գործընթացին և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում դրանում:
Դժբախտաբար, ցայժմ մեզ չի հաջողվել բեկում գրանցել: Ես հուսով եմ, որ դա՝ միայն առայժմ, քանի որ հակամարտությունը լուծելի խնդիր է: Մենք փորձում ենք հարևան Հայաստանին բացատրել, որ ստատուս-քվոն անընդունելի է, ինչն իրենց հայտարարություններում հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների նախագահները:
Անհրաժեշտ է հասկանալ, որ այդ հակամարտության գլխավոր հետևանքը տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը սպառնալն է: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի՝ որպես համանախագահի հնարավոր փոխարինմանը (ԵՄ-ով), ապա այդ հարցը պետք է լուծեն Եվրախորհրդարանի անդամները, Ադրբեջանը չի միջամտում դրան: Ինձ համար այս հարցում գլխավորն արդյունքն է»:







































