Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանա լճի Աղթամար կղզում մեկնարկում է վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլը: Իտալիայից բերված կրաքարով վերանորոգվելու է կղզում գտնվող մենաստանն ու մատուռը: Վերականգնողական աշխատանքները տևելու են 6 ամիս:
Բացի այդ, կղզու չորս կողմերում տեղակայվելու են հեռուստախցիկներ, որոնք 24 ժամ անընդմեջ հսկելու են կղզու տարածքը: Աղթամար կղզում վերականգնողական աշխատանքների առաջին փուլը մեկնարկել է 2005 թվականի մայիսի 20-ին և ավարտվել է 2006 թվականի հուլիսի 21-ին: 2007 թվականի մարտի 29-ին կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացվել էր որպես պատմական թանգարան:
Եկեղեցու վերանորոգման ու շրջակայքի բարեկարգման աշխատանքների վրա ծախսվել է 4 միլիոն լիրա (2.260.000 դոլար): Դրանից հետո Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունն արտոնել է տարեկան մեկ անգամ պատարագ անցկացնել այդ եկեղեցում: Սուրբ Խաչում առաջին պատարագն անցկացվեց 2010 թվականի սեպտեմբերի 19-ին:
Սուրբ Խաչ եկեղեցուց հետո էլ այժմ վերականգնման հերթը հասել է եկեղեցու շարունակությունը հանդիսացող մատուռին ու մենաստանին: Վերականգնողական աշխատանքների վրա ծախսվելու է 1.2 միլիոն լիրա (մոտ 680,000 դոլար): Այդ աշխատանքները տևելու են վեց ամիս և ավարտվելու են 2013 թվականի ապրիլին:








































