ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ակնարկել է 2016թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: Associated Press-ի հաղորդմամբ՝ այդ հայտարարությամբ նա հանդես է եկել սեպտեմբերի 14-ին՝ Այովա նահանգում Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ:
«Ողջույն, Այովա: Ես վերադարձել եմ»,- ելույթ ունենալով 10 հազար ակտիվիստների առջև՝ ասել է Քլինթոնը: Նա ուղղակիորեն չի խոսել գալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին՝ կատակելով, որ համագումարին գնացել է «հանուն սթեյքի»:
Միաժամանակ, Քլինթոնը նշել է, որ համագումարին «չափազանց շատ մարդ է հավաքվել, որոնք տարված են միայն նախագահական արշավով»: «Ինձ ևս շատ է հուզում նախագահական արշավը»,- ասել է Քլինթոնը:
Քլինթոնն առայժմ պաշտոնապես չի հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: Միաժամանակ՝ նա համարվում է ամենուժեղ թեկնածուներից մեկը Դեմոկրատական կուսակցությունից:










































