«Անցած շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՀՀԿ-ի «շռնդալի» համագումարը: Սա կարևոր իրադարձություն էր այնքանով, որքանով Հայաստանում երկու ամսից նախագահի ընտրություն է տեղի ունենալու, և այս կուսակցության համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարվեց որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում: Ցանկացած նորմալ երկրում նման իրավիճակում այն կուսակցությունը, որը կառավարություն է ձևավորել, ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, և որի նախագահը արդեն հինգ տարի է նաև զբաղեցնում է ՀՀ նախագահի պոստը, կաներ իսկապես շռնդալի համագումար: Կներկայացներ անցած հինգ տարիների ընթացքում բոլոր այն շոշափելի, առարկայական ձեռքբերումները, որոնց ինքն իր նախագահի հետ միասին հասել է աշխատանքի արդյունքում: Ընդ որում, դա կաներ հատ-հատ, ամենայն մանրամասնությամբ, առանց ամենաչնչին բան անգամ բաց թողնելու, սկսած երկրի տնտեսությունից, սոցիալական հարցերից՝ վերջացրած կրթությամբ և մշակույթով: Հաշվետվություն կներկայացներ ՀՀ քաղաքացիներին ու հատկապես ընտրողներին մոտավորապես այսպես. սիրելի ընտրող, մենք այս հինգ տարիների ընթացքում արել ենք այս և այս բաները, կիսատ ենք թողել այս և այս բաները, ու խնդրում ենք՝ տուր քո քվեն մեզ, կիսատ թողածը շարունակելու ու նորերն էլ անելու համար: Եվ մեկ անգամ էլ կրկնենք՝ դա կաներ կոնկրետ, շատ կոնկրետ, ոչ թե հիպոթետիկ, փուչ ու ոչինչ չասող, ռոմանտիկ ձևակերպումներով»,- գրում է «Հայկական ժամանակ»-ն առաջնորդողում և հավելում.
«Սակայն, սա՝ ցանկացած նորմալ երկրում, որտեղ հինգ տարի շարունակ իշխանություն ունեցած քաղաքական ուժն ու իր նախագահն այդ հինգ տարվա ընթացքում հոգ տարած կլինեին նման «հաշվետվություն» ունենալու և ընտրողներին ձեռնունայն չներկայանալու համար: Հայաստանում իրավիճակն այլ է. Հայաստանում իշխող քաղաքական միավորը չունի նման գոնե մեկ, թեկուզ փոքրիկ «ձեռքբերումիկ» և չէր էլ կարող ունենալ: Ու դա գրված էր ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ հյուսիսկորեական զգաստությամբ այդ համագումարին ներկա յուրաքանչյուրի դեմքին: Արդյունքում՝ միակ կոնկրետ բանը, որ այդ համագումարից և այնտեղ Սերժ Սարգսյանի ելույթից տպվել է հանրության և ընտրողների հիշողության մեջ՝ «և վերջ» արտահայտությունն է: Իսկ նման իրադարձությունից հետո, նման թեկնածուով դեպի նախագահական ընտըություններ գնալը, հասկանում եք, ձեռնտու չէ նույնիսկ ՀՀԿ-ի նման կուսակցությանը, որի ներկայացուցիչները ցինիզմի պակաս չունեն և օրուգիշեր վստահ տոնով հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը միակ հաղթող, թեկնածուն է: Նման համագումարը դժգոհության մեծ ալիք պետք է բարձրացներ, առնվազն այս ամբողջ շաբաթը բոլոր լրատվամիջոցները, վերլուծաբանները, մտավորականները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հոգեբանները պետք է խոսեին այդ երևույթի մասին, քննադատեին, և «հաղթող թեկնածուից» պետք է մնար միայն «և վերջը»: Եվ դա հենց այդպես էլ կլիներ, նույնիսկ Հայաստանում: Սակայն, չեղավ: Իսկ ինչու՞ չեղավ: Որովհետև ՀՀԿ համագումարից ընդամենը 24 ժամ չանցած՝ համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ երկու պատգամավորների զրույցի գաղտնալսման ձայնագրությունը: Եվ վերջ:
Հ.Գ. Հիմա արդեն ԶԼՄ-ները, մտավորականները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ընտրողները, երթուղայինների ուղևորները կխոսեն ոչ թե Սերժ Սարգսյանի «վերջից», այլ ձայնագրությունից: Բայց մենք, իհարկե, չենք ակնարկում, որ սա հատուկ կազմակերպված էր՝ Սերժ Սարգսյանի ցուցումով ԱԱԾ-ն էր կազմակերպել: Հատկապես որ՝ ԱԱԾ մամուլի խոսնակը երեկ հայտարարել է, որ ԱԱԾ-ն այդ գաղտնալսման հետ կապ չուներ և չէր էլ կարող ունենալ: ԵՎ ընդհանրապես, այդ ում մտքով է անցնում, թե ՀՀ ԱԱԾ-ն կարող էր գաղտնալսել և հրապարակել ԱԺ պատգամավորների զրույցը»:










































