«Քաղաքական կարգախոսները հաճախ չեն ենթարկվում տրամաբանական վերլուծության: Հայաստանում կարգախոսները նույնիսկ չնչին ազդեցություն չեն կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ, Հանրային կապերի մասնագետ Տիգրան Հակոբյանն՝ անդրադառնալով գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսին:
«Ի՞նչ կփոխվեր, եթե մեզ առաջարկեին գնալ դեպի, ասենք, հզոր, բարեկեցիկ, կազմակերպված, հուսալի կամ արժանապատիվ Հայաստան: Ոչինչ չէր փոխվի: Դրանից թեկնածոփ ձայները ոչ կպակասեն, ոչ կավելանան: Այնուամենայնիվ, կարծում եմ, հանդես գալով այդպիսի կարգախոսով՝ թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ կուսակցության ղեկավարը, փաստորեն, ընտրել են Հայաստանի զարգացման դեպի ոչինչ տանող ռազմավարական վեկտորը: «Ապահով» ձևակերպումը դուրս է քաղաքացիներին կոնսոլիդացնող համահայկական արժեհամակարգից: Այն ավելի կենցաղային, քաղքենի, «բյուրգերական» իմաստով է օգտագործվում, հետևաբար՝ այդպես էլ ընկալվում է զանգվածային գիտակցության կողմից»,- ասել է Տ. Հակոբյանը:










































