Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության ֆակուլտետի ուսանողուհի, 19-ամյա Լիլիթ Դավթյանին մարտի 22-ին մահացած էին գտել իր անկողնում. նախնական վարկածով նա ինքնասպանության էր դիմել, հավանաբար, պահի տակ կորցնելով հավատը սեփական ուժերի հանդեպ…
Լիլիթի ընկերոջ` Սևակի նամակը, որը տեղադրված է վերջինիս անձնական բլոգում, և որն այդպես էլ չհասավ հասցեատիրոջը` առանց փոփոխության ներկայացնում ենք մեր ընթերցողին (նրանք թող ներեն մեզ):
«Կներես, կինս…»
«Լիլ, այնքան չասված բառեր մնացին իմ մեջ, այնքան հարցականներ… Ինչո՞ւ էիր դու քեզ միշտ մենակ կարծում, երբ գոնե մայրդ անընդհատ կողքիդ էր… Հետո եղա ես… Ու կարծում էի, որ ամեն ինչ լավ է մեզ մոտ, ամեն ինչ ուղղակի երջանկությամբ է բուրում… Թեթևս… Այնքան կյանք կար քո մեջ, որ ինձ ապրեցնում էր, որ ինձ ստիպում էր ժպտալ…
Քո գրած սմսները, նամակները, զանգերը… Ախր այդքան շատ էինք մենք իրար մեջ, այդքան շատ… Հիշո՞ւմ ես, մի օր ասացիր, որ չես գնա այնքան, մինչև ես չասեմ, ես բացատրեցի, որ գնալն է կարևորն այստեղ, ոչ թե ով ում ինչ կասի ու դու ԽՈՍՏԱՑԱՐ երբեք ինձ մենակ չթողնել, դու ինձ խոստացար, Լիլ… Հիմա ես ի՞նչ եմ անելու, ո՞նց դիմանամ ցավերին, մենակությանը, կարոտին, Լի~լ…
Ուժեղս… Տեսնես լսո՞ւմ ես, երբ խոսում եմ քեզ հետ… Ես խոստանում եմ գալ քեզ մոտ, միակս, բայց հիմա այնքան թույլ եմ… Ես չեմ կարողանում քո նման նպատակասլաց լինել, չեմ կարողանում քեզ պես վճռական վերցնել… ու գալ… Դու, որ այդքան ուժեղ էիր… Շուտով, քո ծննդյան օրն է, հիշո՞ւմ ես մեր երազանքները, թե ինչպես երկուսով կնստենք մեքենան ու կսլանանք բոլորից ու ամեն ինչից հեռու, դու հարսի ճերմակ շորով կլինես, այնքան անթերի ու նուրբ, այնքան հիասքանչ, որ մինչև այսօր դեռ ոչ մեկ այդպիսի հարսնացու չի տեսել…
Դու քո մշտաներկա ժպիտով կվարես մեքենան, ինչպես ուզում էինք, իսկ ես կողքից կհիանամ քեզնով… Լի~լ, ինչի՞ սենց եղավ… Հիմա ահավոր մենակ եմ ու ինձ թվում է, որ իմ հերթական վատ երազներից է սա, ու անհամբեր սպասում եմ երբ ես ինձ արթնացնելու… Այսօր ամբողջ առավոտ սպասում էի, որ ուր որ է կզանգես, կասես. «Քնա՞ծ ես էլի, էշ», կասես «Սյեվակ» կամ «Սիրունս»: Ինչպե՞ս արթնանամ առավոտներն առանց քեզ, ինչպե՞ս առանց սկայպի գնամ քնելու: Լի~լ, ի՞նչ էի արել ես…
Գիտես, որ կյանքում շատ բան եմ կորցրել, բայց այսքան ցավո՞տ… Հիշո՞ւմ ես, որ մեր երեխաների համար ծիծաղելի անուններ էինք հորինում կամ որոշել էիր, որ բոլորին մի անուն կդնենք, որ, երբ լուսամուտից կանչես բոլորն էլ գան… Հրաշքս… Մեր բալիկները, մեր տունը, մեր երազանքները, հիշո՞ւմ ես, որ ծիծաղում էինք ու ասում, որ հազիվ հարամ անող չի լինի… Ո՞վ հարամ արեց, ո~վ…
Չգիտեմ, այնքա~ն բան ունեի քեզ տալու, այնքա~ն բան ունեի քեզ հետ, այնքա~ն ասելիք ունեմ ու այնքան մեծ հավատ, որ մի օր առավոտյան էլի կզարթնեմ ու լուսավոր դեմքդ կտեսնեմ մահճակալիս նստած, որ էլի մի օր այդպես անակնկալ կգաս մեր տուն, կարթնացնես ինձ, կգրկես… Լի~լ, ե՞րբ կգաս… Քո նվիրած ծաղիկն առաջվա պես իմ մահճակալի կողքին է, անշարժ, այնպես, ինչպես դու դրեցիր վերջին անգամ, հիմա ես ուզում եմ փոխեմ ծաղկամանն ու այն մեծանա, դառնա մեծ ծառ, որ չդժգոհես, երբ փակ սենյակում ծխում եմ: Ամեն սանտիմետրի վրա կաս, ամեն մի մասնիկիս մեջ…
Շորերիցս դեռ գալիս է իմ երջանկության քո հոտը, իմ կյանքից միշտ քո հոտն է գալու, փխրունս… Արքայադուստրս… Ասեիր էլի, գոնե ինձ ասեիր ինչ կա ներսումդ, դեբիլս… Ախր, ինձ ամեն ամեն ինչ էիր ասում, անգամ չասելիքները… Ազնիվս, ուզում եմ գամ քեզ մոտ օգնի էլի~, չեմ կարողանում, գիտե՞ս, ես քո նման ուժեղ չեմ, քո նման նպատակասլաց ու վստահ… Նույնիսկ համբուրվելիս…
Կներես, որ չեկավ մի օր այն պահը, երբ կզարթնեինք միասին ու ականջիդ կշշնջայի «կի~նս», կներես, որ քնած էի ու չիմացա, չզգացի, որ դու ինձ մենակ ես թողնում, կներես, որ չէի եկել այդ օրը քո ետևից, կներես, որ առավոտյան քեզ արթնացրի ու դասի ուղարկեցի, կներես Լի~լ, որ չկարողացա այնքան լավը լինել, որ իմ ՄԻԱՅՆ, իմ համար հետ կանգնեիր որոշումիցդ, որ մի վերջին անգամ հիշեիր իմ մասին ու չանեիր, Լի~լ…
Ո՞նց գոռամ, որ դու ինձ լսես… Կներես, որ չկարողացա անգամ քո մասին գրել, որ վստահ էի միշտ լինելուդ վրա ու չհասկացա ասածդ, երբ ասացիր, որ մի օր կփոշմանենք այն վայրկյանների համար, որ միասին չենք եղել… Կներես, որ ուշացա, Լի~լ… Մաքուրս, սպասի, հավատա, կգամ, շուտ կգամ… Կկարողանամ Ձագս…
Քո` Սյևակ»
Հ.Գ. Սևակ, պետք չէ ոչ մի տեղ շտապել…, թեև նամակդ ընթերցելուց հասկանում եմ, թե որքան ծանր է քեզ համար… Բայց հավատա` ժամանակը բուժում է ամեն ինչ (կամ գոնե սպիացնում), պարզապես քեզ հիմա մի փոքր սթափվել է պետք… Չզարմանաս, բայց դու հիմա հենց այդ ճանապարհին ես…
Շարունակիր գրել մեջդ կուտակվածը, չասվածը, կիսվիր ընկերներիդ հետ…Խուսափիր միայնությունից, իսկ եթե հանկարծ մի պահ առանձնանաս` ոչինչ, արտասվիր…, թոթափիր ցավդ, բայց երբեք մի հանձնվիր… Պետք չէ կրկնել Լիլիթի սխալը. եթե դա ճիշտ քայլ լիներ` դու այսօր ցավից չէիր տառապի ու չէիր մտածի նույն սխալի մասին… Լիլիթը գնաց իր թվացյալ դժբախտությունից, փորձեց կյանքի դժվարություններից խույս տալ թվացյալ հեշտ ճանապարհով, սակայն ավելի մեծ ցավ պատճառեց իր միակ հարազատին` մորը…
Արդյո՞ք դա արդար էր… Ցավոք, դու ճիշտ ես` Լիլիթին, այդ կենսուրախ, խելացի աղջկան պարզապես մի փոքր ուշադրությունն է պակասել, պահի ուշադրությունը ու երևի մի փոքր էլ համբերությունը… Հատկապես այդ տարիքում նուրբ, զգացմունքային մարդիկ միշտ էլ հեշտ խոցելի են, և շատ կարևոր է, որ շրջապատող մարդիկ ավելի շուտ զգան տրամադրության նման տատանումները… Ասում ես` շատ բան եք կորցրել կյանքում…Նրանք, ովքեր շատ են կորցնում, նաև շատ թրծվում են և ավելի ուժեղ են լինում կյանքում… Լիլիթը ևս ուժեղ կլիներ… եթե չսխալվեր… պարզապես մի քիչ ժամանակ էր պետք` կյանքում մի քիչ ավելի շատ բան հասկանալու և ավելի սթափ մտածելու համար…
Նա ճիշտ էր ընտրել իր ուղին` լրագրողի մասնագիտությունը, և դա իսկապես նրան ուժեղ էր դարձնելու… Լիլիթի նման կենսուրախ, անմիջական ու հետաքրքրիր մարդիկ միշտ պետք են հասարակությանը, այն մարդկանց, ովքեր իրենց ավելի դժբախտ են զգում կյանքում, քան կարող էր Լիլիթը պատկերացնել… Ու այն կյանքը, որ կար Լիլիթի մեջ ու այն մշտաներկա ժպիտը, որ Լիլիթի դեմքին էր ու ապրեցնում էր քեզ, համոզված եղիր` ապրեցնելու էր նաև շատ ու շատ հուսալքվածների… Ու անծանոթներին ապրեցնելու այդ զգացողությունը նաև հենց իրեն` Լիլիթին էր ապրեցնելու, որովհետև դրանք միայն դրական լիցքեր էին լինելու… Նաև դրանով էր նա իրեն երջանիկ և ուժեղ զգալու…
Ցավոք, նա սխալվեց… Դու չսխալվես… Դու հարազատներ ու քեզ սիրող մարդիկ ունես, ում ցավ պատճառելու իրավունքը պարզապես չունես… Դու անելիք ունես… Այն, ինչ չհասցրեց Լիլիթը անել, դու պետք է անես, որովհետև դու նրան ընդունել ես քո մեջ. նրա մտքերը, խոսքերն ու զգացմունքները քեզ շատ հոգեհարազատ են եղել… Ու դու հիմա կնոջդ` Լիլիթի հետ միասին դեռ անելիք, քաղաքացիական պարտք ունեք հասարակությանը տալու… որովհետև Լիլիթի ու քեզ պես անկեղծորեն սիրող, ոչ անտարբեր մարդիկ հասարակությանը միշտ անհրաժեշտ են… Հանուն Լիլիթի, հանուն ձեր սիրո չիրակացած երազանքների` դու պարզապես պարտավոր ես դա անել… Նաև այդպես ես ցավդ բուժելու…
Սևակ, բարեկամս, հավատա` լավ է լինելու…Միայն թե չհանձնվես…
Քո լավ բարեկամ` Էլմիրա Մարտիրոսյան
Լուսանկարում ձախից աջ` Սեւակը, Լիլիթը, անծանոթուհի և ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը
Լուսանկարը, որտեղ պատկերված է նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արվել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կազմակերպած հերթական միջոցառման ժամանակ, որին ի թիվս բազում այլ մասնակիցների մասնակցել են նաև «Շավիղ» գրական խմբակի երիտասարդ ստեղծագործողները, և լուսանկարում պատկերված երիտասարդները ևս հանդիսանում են նույն խմբակի անդամները:











































