Քիչ առաջ ավարտվեց ոչիշխանական քառյակի հերթական նիստը, որն այս անգամ տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցությունում։
Խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ քննարկել են երեք հարց։ Առաջինը շարունակել են գնահատել իշխանություններին ներկայացրած 12 կետերի կատարման ընթացքը։ Նրա խոսքով՝ իրենց գնահատականներն այդ առումով գրեթե համընկնում են, բայց չմանրամասնեց, թե ինչպես են գնահատել՝ դա թողնելով իրենց հաջորդ հանդիպմանը։
Երկրորդ հարցն այն է, որ որոշել են աշնանը անպայման հանրահավաք անցկացնել, բայց դրա օրը կորոշեն սեպտեմբերի 17-ի իրենց հանդիպմանը։ Հանրահավաքի օրակարգն էլ կճշտվի այդ հանդիպման ժամանակ:
Քառյակի քննարկած երրորդ հարցը, Ռ.Հակոբյանի խոսքով, այն է, որ որոշել են նախապատրաստական այցեր կատարել մարզեր։
Արդյոք քառյակի առաջնորդները նո՞ւյնպես կմասնակցեն հանրահավաքին: Ռ.Հակոբյանն ասաց, որ դա քննարկվելիք հարց է։
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե արդյոք քառյակում չե՞ն քննարկում հարցը, որ իշխանությունները սահմանադրական փոփոխություններն առաջ քաշելով՝ իրականում քառյակին քննարկումների օրակարգ են թելադրում և բուն պայքարից շեղում։ Ռ.Հակոբյանը պատասխանեց, թե գուցե իշխանություններն իրենց շեղելու նման մտադրություն ունեն, բայց իրենք դա հասկանում են։









































