Վրաստանի տարբեր մաքսային անցակետերում Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել այդ երկիր թմրանյութեր ներմուծելու փորձի համար: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը:
Մասնավորապես, սեպտեմբերի 12-ին Հայաստանի հետ սահմանին «Սադախլո» մաքսային անցակետով Վրաստան մուտքի ժամանակ ավտոմեքենայի խուզարկության ընթացքում անցակետի աշխատակիցները 16 գրամ մարիխուանա են բռնագրավել Հայաստանի քաղաքացուց:
Իսկ Թուրքիայի հետ սահմանի «Վալե» մաքսային անցակետի աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, երբ նրա ուղեբեռի խուզարկությունից հետո հայտնաբերել են հոգեմետ նյութ պարունակող DUACT միջոցի 11 հաբ:
Բոլոր ձերբակալվածները հանձնվել են Վրաստանի օրինապահ մարմիններին:











































