Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է մի ոստիկան, որը կասկածվում է նախկին պահպանողական նախարար Էնդրյու Միթչելի կոպտության մասին ԶԼՄ-երին փակ տեղեկատվություն փոխանցելու համար,- հաղորդում է BBC-ին:
Կասկածյալը ձերբակալվել է դեկտեմբերի 15-ին, իսկ հաջորդ օրն ազատ է արձակվել գրավի դիմաց: Կոնստեբլը, որի անունը չի հրապարակվել, աշխատել է Մեծ Բրիտանիայի ոստիկանության դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության խմբում, որը զբաղվում է դիվանագիտական անձանց և կառավարության անդամների պաշտպանությամբ: Ոստիկանը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից:
Հետաքննության տվյալների համաձայն՝ ձերբակալվածն այդ օրը աշխատանքի չի եղել, երբ տեղի է ունեցել նախարարի հետ պատահարը, սակայն հասանելիություն է ունեցել ներքին հաշվետվությանը, որտեղ ասվել է, որ Միթչելը ոստիկաններին անվանել է «պլեբս»: Հավանական է, որ հենց այս կոնստեբլն է փաստաթղթի բովանդակությունը փոխանցել բրիտանական The Daily Telegraph և The Sun թերթերին:
Էնդրյու Միթչելի շուրջ սկանդալը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր խորհրդրանական կուսակցական կազմակերպչի պաշտոնը, ծագել է 2012 թ. աշնանը: ԶԼՄ-երի տվյալներով՝ նախարարը վիճել էր ոստիկանների հետ, որոնք արգելել էին նրան հեծանիվով մուտք գործել վարչապետի նստավայր գլխավոր մուտքից: Ավելի ուշ Միթչելը ներողություն էր խնդրել իր կոպիտ պահվածքի համար, սական պնդում էր, որ ոստիկաններին «պլեբս» չի անվանել:
Մամուլի, ոստիկանական դաշնության և լեյբորիստների ճնշման ներքո Միթչելը հոկտեմբերի 19-ին հրաժարական է տվել:










































