ՄԱԿ-ը ԱՄՆ-ին և Սիրիայում իսլամիստների ուղղությամբ ռազմական հարվածներ հասցնելու ծրագրեր ունեցող մյուս երկրներին կոչ է անում հիշել խաղաղ բնակիչների և բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնող աշխատակիցների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Եթե ռազմական գործողություններ ձեռնարկվեն, շատ կարևոր է, որ բոլորը հիշեն խաղաղ բնակիչների պաշտպանության անհրաժեշտության մասին, և մեզ թույլ տրվի շարունակել մարդասիրական աշխատանքը (Սիրիայում)»,- հինգշաբթի օրը լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Դյուժարիկի խոսքով՝ «Սիրիայում քաղաքական գործընթացը պետք է ընթանա անվտանգության ամրապնդմանը և ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջոցառումներին զուգահեռ»: Նա նշել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբերը «հենց այնպես» չեն առաջացել, այլ քաղաքական կարգավորման առաջընթացի բացակայության պայմաններում:











































