ԱՄՆ կառավարությունը Yahoo ընկերությանը սպառնացել է օրական 250 հազար դոլար տուգանքով 2008 թվականին օգտատերերի մասին տեղեկությունները տրամադրելուց հրաժարվելու պատճառով: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Ինչպես գրում է թերթը, ամերիկյան հատուկ ծառայությունների հայցն ընկերությունը համարել է հակասահմանադրական: ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության հետ Yahoo-ի դատական վեճի մանրամասները հայտնի են դարձել 1500 էջանոց դատական փաստաթղթերի հրապարակումից հետո: Ազգային անվտանգության գործակալությունը համացանցային ընկերությունից պահանջել էր լիարժեք հասանելիություն օգտատիրական տվյալներին:
Գործին առնչվող փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել 2009 թվականին, փորձագետների կարծիքով՝ եղել են խմբագրված և հնարավորություն չեն տվել գնահատելու, թե կոնկրետ ինչ ընկերություններ են ներգրավված գործում, և թե ինչպես է դատարանը հետաքննություն անցկացրել շատ հարցերով:






































