Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանը ներկայացրեց արդեն ավարտված մի քանի աղմկահարույց դատական որոշումներին վերաբերող` տեղեկատվական վեճերի խորհրդի անդրադարձի մասին նոր ձեռնարկ: Դատական որոշումները, մասնավորապես, առնչվում են տարբեր քաղաքական գործիչների կողմից լրատվամիջոցներին դատի տված դեպքերին: Ձեռնարկն ամփոփում է նաև մամուլի ազատության, խոսքի արտահայտման հիմունքները:
Շ. Դոյդոյանը մանրամասնելով դատական նիստերից մի քանիսը` ասաց. «Դրանք են` Քոչարյանների ընտանիքն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, երեք օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի, «Մեկ ազգ» կազմակերպության դեմ Դանիել Իոնիսյանի հայցը և այլն:
Այս ձեռնարկի միջոցով առավել պաշտպանված կզգան հենց լրագրողները: Երբ հանրային դեմքը լրագրողի գրած որևէ հոդվածի համար պահանջում է հերքում՝ նշելով, թե դա վիրավորում է իր արժանապատվությունը և այլն, որոշ դեպքերում այս ձեռնարկը կարող եք օգտագործել ձեր պաշտպանության համար»:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ժողովրդավարության զարգացման հարցերով պատասխանատու Օլիվեր ՄքՔոյը նշեց, որ ԵԱՀԿ-ն մեծ սիրով աջակցում է այս նախաձեռնությունը. «Կարևոր է, որպեսզի ԶԼՄ-ների ազատությանը աջակցություն ցուցաբերվի: Բոլորն ունեն ազատ արտահայտվելու, ազատ հաղորդակցվելու իրավունք՝ առանց կառավարության միջամտության: Մենք հատուկ շեշտը դրել ենք արտադատարանական մեխանիզմների վրա, որոնք օգնում են պաշտպանել և զարգացնել խոսքի ազատությունը»:







































