Իրաքյան Հավրեզք գյուղի հայերը պատրաստ են դիմակայել «Իսլամական պետության» սպառնալիքներին: Նրանք իրենց ֆերմերական հագուստը փոխել են զինվորական համազգեստով և ինքնապաշտպանության նպատակով զինվել՝ հայտնում է լիբանանյան LBC լրատվական կենտրոնը:
Նրանք պարեկում են գյուղի մերձակա տարածքներում՝ «Իսլամական պետություն» կամ այլ խմբավորումների պոտենցիալ սպառնալիքներին դիմակայելու համար:
Հայաբնակ գյուղի առաջնորդն ամեն գիշեր հանդիպում է գյուղը պաշտպանող տղամարդկանց հետ՝ աջակցելու նրանց ջանքերին: Գյուղը ներկայում անվտանգ է, սակայն նրանք ցանկանում են պատրաստ լինել հնարավոր հարձակումներին:
Գյուղը գտնվում է Մոսուլից 70 կմ հեռավորության վրա, որը ներկայում «Իսլամական պետության» վերահսկողության տակ է: Նշվում է, որ գյուղը 1920-ականներին հիմնել է Լևոն Շաղոյանը, ով եղել է Վասպուրականի առաջնորդներից մեկը: Ներկայում գյուղում բնակվում են 90 հայկական ընտանիքներ:







































