Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդը երեկ հանդիպում են ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում Օհանյանին է ներկայացվել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի երաշխավորող նամակը, որով ներկայացվում են նորանշանակ ռազմական կցորդի լիազորության շրջանակները:
Հանդիպումը, չնայած նոր կցորդի ներկայացման առիթին, շատ հետաքրքրական է` հատկապես նկատի առնելով այն իրողությունը, որ տեղի է ունենում Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից գրեթե անմիջապես հետո: Եվ ըստ էության, տեղի է ունենում ևս մեկ այլ նշանակալից իրողության ֆոնին` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի տված քննադատական գնահատականի ֆոնին: Ահա սրանից հետո ԱՄՆ-ը Հայաստանի իշխանություններին է ներկայացնում նորանշանակ ռազմական կցորդին, իսկ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էլ հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է զարգացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Մեկ այլ հետաքրքրական իրողություն է և այն, որ այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի օրերս Վրաստան կատարած այցելությունից հետո, որտեղ Հեյգելը հայտնել էր Վրաստանին ԱՄՆ ռազմական աջակցությունը խորացնելու մասին:
Այս հաջորդականությունն, ըստ էության, երևի թե վկայում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հարավային Կովկասի վերաբերյալ մոտեցումների և որոշումների հետևողականության և սկզբունքայնության մասին, քանի որ այս համատեքստում ԱՄՆ-ը, ըստ էության, բավական ակտիվ քայլեր է կատարում Վրաստանում և Հայաստանում՝ մի տեղ պաշտպանության նախարարի այց, և մեկ այլ տեղում ռազմական նոր կցորդի ներկայացում` պաշտպանության նախարարի նամակով:
Սա երևի թե կարող է դիտվել ԱՄՆ-ի ռազմավարության մեջ Վրաստանը և Հայաստանն անվտանգության, այսպես ասած, միասնական շղթա դիտարկելու մոտեցումների մասին, ինչը, իհարկե, շատ կարևոր է տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից: Եվ սա նաև ինչ-որ առումով բավական ակնհայտ պատասխան է Հայաստանի արտգործնախարարի հայտարարություններին այն մասին, որ ՆԱՏՕ-ի հռչակագիրը չի նպաստում բանակցություններին և անվտանգությանը:
Համենայնդեպս, կարծեք թե նկատելի է հակառակը, և ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի առաջատար տերությունն, ըստ էության, բավական գործնական տրամադրվածություն է ցուցաբերում տարածաշրջանային անվտանգության նոր հյուսվածքներ ձևավորելու հարցում և այդ գործում ներգրավվում է նաև Հայաստանը:










































