Լոնդոնում Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի նստավայրի վրա՝ Դաունինգ-սթրիթում, երեկ բարձրացվել է Շոտլանդիայի դրոշը՝ ի նշան Մեծ Բրիտանիայի միասնականության: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել է բրիտանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, դրոշը ծածանվելու է ընդհուպ մինչև Շոտլանդիայի անկախության հանրաքվեն, որը կանցկացվի սեպտեմբերի 18-ին:
Շոտլանդիայի դրոշը կապույտ է՝ անդրեևյան հատվող սպիտակ խաչով: Սուրբ Անդրեյը համարվում է Շոտլանդիայի երկնային հովանավորը: Անդրեևյան խաչը համարվում է Մեծ Բրիտանիայի ազգային դրոշի տարր:
«Անդրեևյան դրոշը բարձրացվել է Դաունիգ-սթրիթ 10-ում ու ծածանվելու է այնտեղ ամբողջ ժամանակ՝ մինչև հանրաքվեի ավարտը»,- հայտարարել է Քեմերոնի պաշտոնական ներկայացուցիչը՝ հույս հայտնելով, որ մյուս նախարարությունները ևս կդիմեն նույն քայլին:







































