Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին աջակցում է ամերիկացիների 61 տոկոսը: Այս մասին են վկայում NBC-ի և Wall Street Journal-ի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումները:
Համաձայն հետազոտության, որն անցկացվել է սեպտեմբերի 3-7-ը, այդ կարծիքի հետ համաձայն չէ հարցման մասնակիցների միայն 13 տոկոսը: Եվս 24 տոկոսը կարծում է, որ իրավիճակի մասին բավարար իրազեկված չէ՝ սեփական կարծիք ձևավորելու համար:
Ամերիկացիների կարծիքը կիսվել է խմբավորման դեմ գործողության մասշտաբների հարցում. 40 տոկոսն առաջարկում է սահմանափակվել ավիահարվածներով, 34 տոկոսն անհրաժեշտ է համարում ինչպես օդային հարվածների, այնպես էլ ցամաքային գործողության անցկացումը, մինչդեռ 15 տոկոսը դեմ է արտահայտվել ռազմական գործողություններին:
Հարցման տվյալները հրապարակվում են Օբամայի՝ չորեքշաբթի ծրագրված հեռուստաուղերձի նախօրեին: Ուղերձը նվիրված կլինի Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարի խնդրին:
Հետազոտության արդյունքներով՝ ԱՄՆ-ում ընտրողների 47 տոկոսն այսօր իր երկիրը համարում է ավելի քիչ անվտանգ, քան 9/11-ից առաջ: 2013-ին այդ ցուցանիշը կազմել էր 28 տոկոս:










































