Վանաձորի դատավոր Մարինե Մելքոնյանը 23-ամյա վանաձորցի Արման Բարսեղյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր.օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: Հիմնավորված է համարել նրան մեղսագրվող արարքը, թե սպառնացել է ոստիկանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից` «սատկացնել»: Դատավորն իր վճիռը կայացրել է միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա` անտեսելով գործի մեջ առկա և դատաքննությամբ ձեռք բերված այլ ապացույցներ:
Այս տարվա ապրիլի 7-ին` Ս. Զատիկի նախորդ օրը` երեկոյան ժամը 22-ի սահմաններում, Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում ոստիկանության կողմից հասարակական կարգի պահպանություն իրականացնող խմբի ավագ, օպերլիազոր Վահե Բարսեղյանը, մոտենալով եկեղեցու բակում իր ավտոմեքենան կայանած վանաձորցի Արման Բարսեղյանին ու նրա 2 ընկերներին, արգելել է մեքենայի կայանումը: Այնուհետև, գործով վկա անցնող ոստիկանների ցուցմունքներով, վարորդը հրաժարվել է կատարել այդ պահանջը և մեքենան վարելով ոստիկան Վահե Բարսեղյանի ուղղությամբ` ասել է «կսատկացնեմ»:
Մինչդեռ Արման Բարսեղյանն ու նրա ընկերներն ասում են, որ ոստիկանն է վիրավորել իրենց. Ա. Բարսեղյանի` ոստիկանին ուղղված արտահայտությանը, որ եթե ուսադիրներ չունենար, այլ կերպ կխոսեր նրա հետ, վերջինս արձագանքել է` «Դե խոսա, այ լակոտ», ապա` «Հլը իջեք, արա»: Երիտասարդներին զարմացրել է, թե ինչու հատկապես իրենց մեքենայի կայանումն է արգելվում այն տարածքում, որը հենց այդ նպատակով է նախատեսված` ավտոկանգառ է, առավել ևս մեքենան կայանելիս 2 կողմում, դիմացը, հետնամասում մեքենաներ են եղել կանգնած: Իրենք էլ, մտածելով, որ եթե նշված վայրում մեքենաների կայանումն արգելված լիներ, ապա դա բոլորին կվերաբերեր, մյուս վարորդների օրինակով իրենց մեքենան կանգնեցնելով` մտել են եկեղեցի` մոմ վառելու: Ո՛չ միջադեպի ժամանակ, ո՛չ եկեղեցուց դուրս գալուց հետո նրանց նկատմամբ ոստիկանների կողմից միջոցներ չեն ձեռնարկվել` որպես «օրինազանցների»: Միջադեպից ժամեր անց միայն հրավիրվել են ոստիկանության բաժանմունք: Մինչդեռ, ինչպես նրանց վերադաս` ոստիկանության Վանաձորի բաժնի պարեկապահակային ծառայության պետ Միքայել Չոբանյանն է ցուցմունք տվել դատարանում, «հասարակական կարգը խախտողին ասում են, որ նա կարգ է խախտում, իսկ եթե շարունակում է խախտել, անմիջապես ոստիկանություն են բերում»:
Քաղաքացու դեմ ոստիկանների տված ցուցմունքները հակասական են, իսկ մի քանիսը` ակնհայտ անհեթեթ: Օրինակ` օպերլիազոր Վլադիմիր Ղարադաշյանը այսպիսի ցուցմունք է տվել. «Արմանը Վահեին ասել է, որ պագոններդ կպոկեմ, հետո ասել է կսատկացնեմ, սակայն ձեռքին որևէ բան չի եղել, իսկ Վահեն ասել է, որ չես կարող սատկացնել: Սպառնալիքը այնքանով էր վտանգավոր, որ հնարավոր է, որ եթե մենք այնտեղ չլինեինք, սպառնալիքն իրականացներ»: Օպեր Արմեն Ամիրաղյանի ցուցմունքով` «Սպառնալիքը եղել է այն, որ ասել է մեքենայից էսա դուրս կգամ կսատկացնեմ, պագոններդ կպոկեմ: Եթե փորձեր ինչ-որ բան անել, մենք կկանխեինք»: Ոստիկանների ցուցմունքներից չի հասկացվում նաև, թե մեքենաների կայանումն արգելելու վերաբերյալ որոշում իրականում եղե՞լ է, թե՞ ոչ, կամ ո՞ւմ կողմից է այն կայացվել: Օպեր Ա. Ամիրաղյանը ցուցմունք է տվել, որ հրամանը բանավոր ստացել են պետից` Միքայել Չոբանյանից: Վերջինս էլ է ասել, որ հրամանն ինքն է տվել, բայց նա էլ կոնկրետ չի հիշել` որ ժամին: Տուժող ճանաչված Վահե Բարսեղյանն էլ ցուցմունք է տվել, թե «իրենք են որոշել» արգելել մեքենաների մուտքը եկեղեցու ավտոկանգառ և ժամը 20.00-ից սկսած` դարպասների մոտ հերթապահություն են սահմանել: Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև օպեր Վլ. Ղարադաշյանը:
Մինչդեռ ճանապարհապարեկային ծառայության (ՃՊԾ) տեսուչների վկայությամբ, կայանում թույլատրել-չթույլատրելը ճանապարհային ոստիկանությունն է որոշում, որն ընդհանրապես տոն օրերին զբաղվում է ճանապարհային երթևեկության կարգավորմամբ: Եթե խցանումներ են լինում, ՃՈ-ն միջամտում է, որ մեքենաները դուրս բերվեն տարածքից: Նշված օրը խցանման դեպք չի գրանցվել: Այդ օրը եկեղեցու տարածքում կանգառ արգելող որևէ նշան չի եղել, ուստի, դրա բացակայությամբ, մեքենաները կարող էին կայանել:
«Սատկացնելը» կյանքից զրկելու իրական սպառնալիք չէ
Այս գործի հետ կապված` փաստաբան Կարեն Թումանյանը ուշադրություն հրավիրեց նախ հետևյալ խնդրին. եթե նույնիսկ, ինչպես ոստիկաններն են ցուցմունք տվել, Արման Բարսեղյանը ոստիկանության աշխատակցի հասցեին իրեն նման արտահայտություն է թույլ տվել` «սատկացնել», ապա այն պետք է գնահատել իրական և իրատեսական լինելու տեսանկյունից, ինչպես օրենսդիրն է սահմանել. արդյո՞ք այն սպառնալիք է կյանքի համար, բռնության սպառնալիք, և կա՞ իրականացնելու հնարավորություն, թե՞ ոչ: Փաստաբանը զուգահեռ է անցկացնում նաև հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ. երբ Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ նշվում էր, որ սպառնացել է Վահե Ավետյանի գործով իր դեմ ցույց կազմակերպած անձանց, ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե չի կարող քրեական գործ հարուցվել այդ փաստի առթիվ, քանի որ սպառնալիքը վիճաբանության ժամանակ է եղել, ուստի` ոչ իրական: «Ոստիկանը մտածել է, որ իրեն կսատկացնե՞ն իրականում. դա ծիծաղելի է` մեղմ ասած: Եթե սպառնալիք տար, այլ բառ կօգտագործեր, ոչ թե «սատկացնել». սատկացնում են կենդանուն»,- այս գործին վերադառնալով` նկատեց Կ. Թումանյանը: Ավելին, ըստ նրա, եթե ոստիկանն իրական վտանգ է զգացել իրեն «սատկացնելու», քաղաքացուն էլ այդ հիմքով մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ վճիռ կայացվել, նշանակում է` այդ պահին հանցագործություն է կատարվել. նման իրավիճակում անձին անմիջապես պիտի ձերբակալեին, այսինքն` հանցագործության կատարման պահին: Ընդ որում` եթե բոլորի աչքի առաջ է սպառնալիքը տրվել, բոլորի աչքի առաջ էլ պիտի ձերբակալությունը կատարվեր: «Ոստիկանը զեկուցել է իր պետին, պետն ասել է` իրականում քո նկատմամբ սպառնալիքը վտանգավոր է, հաղորդում տուր: Եթե ասեր, որ «սատկացնելը» հնարավոր չէ, երևի ինքն էլ կզգար, որ հնարավոր չէ, ու հաղորդում չէր տա: Բայց պետն ասել է, որ հնարավոր է: Այսինքն` ոչ թե ինքն է զգացել, որ իրեն «կսատկացնեն», այլ պետն է զգացել»,- ասաց փաստաբանը: Վերջինիս համոզմամբ, քաղաքացուն ասված` «արա, կանգնի» արտահայտության համար պետք է պատժել ոստիկանին, քանի որ ո՛չ բարոյականության, ո՛չ քաղաքավարության որևէ կանոնի մեջ չի մտնում նման դիմելաձևը: «Ոստիկանն ինչի՞ համար է, որ քաղաքացու վճարած հարկերի հաշվին ձրի հագուստ հագնի, աշխատավարձ ստանա, որ հետո նույն քաղաքացուն ասի` «արա, կանգնի՞», նա էլ համարձակվի մի բան խոսել, դատապարտե՞ն: Եթե նույն ձևով այդ ոստիկանն ինձ դիմեր, չէի ասի կսատկացնեմ, ամեն ինչ կանեի, որ ինքը էլ չաշխատի, որովհետև կափսոսայի այն հարկերը, որից ինքն աշխատավարձ է ստանում ու իր երեխային պահում»,- ասաց Կ. Թումանյանը:
Ըստ նրա` հենց ոստիկանն է կարգի խախտում թույլ տվել` կայանումն արգելելու վերաբերյալ որոշում կայացնելով, քանի որ ոստիկանապետի տեղակալի` նրան տված հրամանը եղել է հայեցողական օգտագործման, որ կիրառի ըստ հարմարության, ինքը որոշի` ում թողնի, ում ոչ: Փաստաբանի խոսքով, ոստիկանապետի տեղակալն այդպիսի լիազորություն չունի, նման հայեցողական հրամանն էլ առոչինչ է:
Ինչ վերաբերում է միայն ոստիկանների ցուցմունքներով կայացված վճռին, ապա դատարանը միջազգային նորմ է խախտել. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործառույթների վերաբերյալ 2009-ի հունիսի 24-ին ընդունված 16-77 բանաձևով ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը լուրջ մտահոգություն է հայտնել այնպիսի քրեական գործերի վերաբերյալ, երբ անձանց մեղադրանք է ներկայացվել կամ նրանց նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվել միայն ոստիկանության ցուցմունքների հիման վրա` առանց դրանք հաստատող նշանակալից լրացուցիչ ապացույցների: Հետևաբար` նշված գործով դատավոր Մարինե Մելքոնյանը միջազգային հեղինակավոր կազմակերպության արտահայտած դիրքորոշմանը հակառակ դատական ակտ է կայացրել:
«Միգուցե հասնենք նրան, որ ոստիկանները բարոյական իդեալներ դառնան, և դատարանը նրանց ասածը 100 տոկոսանոց ապացույց ընդունի: Բայց Հայաստանում, առավել ևս Լոռու մարզում, որտեղ ոստիկանությունը մի ամսում 40 խուզարկություն է անում և ոչինչ չի հայտնաբերում, խիստ կասկածում եմ, որ նրանց ասածը կարելի է արժանահավատ ընդունել. Լոռիի ոստիկանները 40 անգամ դիմել են դատարան, թե ինֆորմացիա ունեն, որ անձինք հանցագործության հետքեր, հանցագործության հատկանիշներ պարունակող առարկաներ են թաքցնում, ու դատարանի որոշումներն ստանալով` 40 անգամ էլ ոչինչ չեն գտել. այդքան անգամ խաբել են դատարանին: Բայց եթե 7 ոստիկան ցուցմունք են տալիս, որ քաղաքացուց սպառնալիք են լսել, նշանակում է` չեն խաբում. համատեքստի մեջ պետք է վիճակը գնահատել»,- ամփոփեց Կ. Թումանյանը` ակնարկելով վերջերս Լոռիում կատարված զանգվածային խուզարկությունները:











































