Չնայած ուկրաինական վերջին իրադարձություններին և այն հանգամանքին, որ ողջ Ուկրաինայի ժողովուդրն է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին հանցագործ և դավաճան համարում, Սպիտակում չի անվանափոխվում Յանուկովիչի անունը կրող հրապարակը: Ավելին՝ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե պատրաստ են անգամ Յանուկովիչի արձանը կանգնեցնել, եթե վերջինս էլ գա Հայաստան՝ մեծ սիրով կհյուրընկալի նրան:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կիևում բնակություն հաստատած հայ նկարիչ Բորիս Եղիազարյանը փոքրիկ հիշեցում արեց Սպիտակի քաղաքապետին, թե ով է իրականում Յանուկովիչը, ապա հորդորեց վերջինիս չխոսել հայ ազգի անունից և ցանկության դեպքում յուր սերը Յանուկովիչի հանդեպ արտահայտել նրա նկարի առաջ:
«Հայտնի է, որ Յանուկովիչը հանցագործ է, մեղադրվում է նրանում, որ 100 մարդ՝ հիմնականում երիտասարդներ, զոհվեցին խաղաղ հանրահավաքների ժամանակ: Նա երկու տարի ամբողջ Ուկրաինայով մեկ հայտարարեց, որ Ուկրաինան գնում է դեպի Եվրամիության, հետո մեկ շաբաթ առաջ երբ պետք է ստորագրումը լիներ, դավաճանաբար խաբեց ամբողջ ժողովրդին և հայտարարեց, որ ինքը չի ստորագրում: Այդ խաբեությունից հետո ժողովուրդը սկսեց բողոքի ցույցեր կազմակերպել՝ ասելու, որ չի կարելի այդպես վարվել, իսկ վերջինս սկսեց ջարդել ժողովրդին»:
Եղիազարյանն ընդգծեց, որ առաջին անգամ նոյեմբերի 30-ին ջարդեցին երիտասադներին սարսափելի հանցագործ ձևով, 3000-հոգանոց, մինչև ատամները զինված Բերկուտի միջոցով․ «Դրանից հետո ժողովուրդը պահանջեց Յանուկովիչի հրաժարականը, նա էլ կրակելու հրաման տվեց, մեկ ամիս շարունակ կրակում և սպանում էին մարդկանց»:
Մեր զրուցակցի խոսքերով՝ հայտնի է նաև այն հանգամանքը, որ Ուկրաինյում ստեղծված էր գործարան, որտեղ ամեն օր գողացված փողեր էին բերվում․ «Փողերի հավաքման ֆաբրիկա էր ստեղծվել, հասկանու՞մ եք՝ դա ինչ է, ամբողջ աշխարհը գիտի, բացի այդ Ձեր նշած մարդուց, ով մոսկովյան հեռուստատեսությունից բացի ուրիշ ոչ մի բան չի նայում: Ամբողջ աշխարհը գիտի, որ Յանունովիչը 100 միլիարդով թալանել է Ուկրաինան: Երեսուն միլիարդն էլ արդեն օգտագործվել է, ամեն օր ծախսելով տեռորսիտներին և անջատողականներին զինելու համար, դա Պուտինի փողերով չէ, դա Յանուկովիչի՝ Ուկրաինայից թալանած փողերով է, նույնիսկ Յանուկովիչի հայրենիքը՝ Դոնբասն է ամբողջովին ավերված»:
Բորիս Եղիազարյանը վստահեցրեց, որ Յանուկովիին դատելու են միջազգային դատարաններ․ «Յանուկովիչը անգամ Սադամ Հուսեյն չէ, ավելի մեծ հանցագործ է ու խայտառակված մարդ: Ամեն ոք, ով Հայաստանում նման հայտարարություն է անում՝ չի հասկանում, որ ինքն իրավունք չունի հայ ժողովրդի պատիվը կապելու մի խուլիգան, բանդիտ մարդու հետ: Հայ մարդը դա անելու իրավունք չունի: Եթե ինքն անձամբ հարգում է Յանուկովիչին՝ իր գործն է, նա կարող է Յանուկովիչի նկարն իր տանը դնել ու տակը մոմ վառել, եթե հեթանոս է, իսկ Հայաստանի քաղաքացու անունից այդտեսակ հայտարարություն անելու իրավունք չունի։ Ավելին ոչինչ ասել այդ թեմայով չեմ կարող: Երբ կգա ժամանակ, ու Յանուկովիչին կդատեն միջազգային դատարանները, ի դեպ՝ խայտառակ ձևով կդատեն, այդ մարդը կամաչի, որ հայ ժողովրդի անունը կապել է մի գողական հանցագործ մարդու հետ»,- վրդովվեց նա:
Եղիազարյանը հռետորական հարց հնչեցրեց՝ ո՞վ է Յանուկովիչը, որ նրա անվամբ հրապարակ լինի, նա գողական տղա է, նրան նախագահ են դարձրել, ու հիմա Ռուսաստանում մի տեղ բանտարկվածի նման նստած է, նրան արդեն չեն էլ օգտագործում, օգտագործել գցել են: Վաղը կարող է հենց Ռուսաստանը Յանուկովիչին հանձնի միջազգային դատարաններին։ Ինչի՞ համար հայերն իրենց բարի անունը կապեն նրա հետ: Հիմա անգամ Ռուսաստանը գիտի այդ մասին, Ռուսաստանի ժողովուրդն արդեն ոտքի է կանգնում, որովհետև իրենց մամուլի տարածած կեղծիքին այլևս չի դիմանում:
Մենք ունենք Ղարաբաղի խնդիր՝ հասկանում ենք, բայց պետք չէ կեղծիքների միջոցով Յանուկովիչի նման հիմար, հանցագործ մարդու հետևից գնալ, դա ամենամեղմ ձևով ասած՝ հիմարություն է»:









































