Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը պատրաստել է Շոտլանդիային ավելի մեծ ինքնավարություն տրամադրող ծրագիր, եթե հանրաքվեի ժամանակ ընտրողները կողմ չքվեարկեն անկախությանը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սպասվում է, որ այդ ծրագրին կաջակցեն Լոնդոնում բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունները: Ըստ այդմ՝ Շոտլանդիան հավելյալ ինքնավարություն կստանա հարկերի գանձման և պետական ծախսերի հարցերում:
Եթե Շոտլանդիան մնա Մեծ Բրիտանիայի կազմում, ինքնավարության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն քվեարկությունից անմիջապես հետո, իսկ օրինագծի նախագիծը պատրաստ կլինի մինչև հունվար:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 18-ին:











































