Մեր քաղաքական դաշտի դերակատարներից որևէ մեկը ինքնուրույն գործելու հնարավորություն չունի: Նրանք անգամ հիմնված չեն ժողովրդի Սահմանադրության շահերը պաշտպանելու վրա. տարբեր դիտանկյուններից, տարբեր գաղափարներից, չլինելով ինքնուրույն, ունենալով նեղ խմբակային և քրեական շահեր՝ իրենք փնտրում են հովանավորներ, այն ուժերը, որոնք կկարողանան իրենց հովանավորել, որպեսզի իրենց հարստությունները կուտակեն և բաժանեն իշխանականներին:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմինե Առաքելյանը:
«Դրսի ուժերը բազմազան են, ես այդպիսի զուտ ռուսական կամ ամերիկյան ուժեր չեմ տեսնում, որոշ չափով բաժանում են Արևմուտք կամ Ռուսաստան, բայց պետք է հասկանալ, որ կա համաշխարհային օլիգարխիա, և համաշխարհային օլիգարխիան է որոշում, թե ինչ երկրներ ինչպես գործեն: Իսկ աշխարհաքաղաքական իմաստով եթե նայենք` վերջին շրջանում այս համակարգը բավականին սնանկացած է՝ իմացության, մտավոր իմաստով: Հավանաբար արևմտյան ուժերը, եթե կան նաև ավելի նոր ուժեր, միգուցե կարողանան իրենց դիրքորոշումը փոխել: Բայց սա կատարվում է, բնականաբար, իրենց շահերից ելնելով և ոչ մեր ժողովրդի շահերի համար: Իրենք դիրքորոշվում են և փնտրում են գործակատարներ իրենց քաղաքական շահերը պաշտպանելու համար:
Նույնն էլ Ռուսաստանը, բայց եթե նայենք Պուտինի իշխանությունը՝ հենց համաշխարհային օլիգարխիայի իմաստով բավականին թուլացած է, և հավանաբար իրենք խնդիր ունեն իրար հետ՝ Արևմուտք և Ռուսաստան հարցեր լուծելու, և այդ պարագայում մենք կարող ենք ասել, որ Վլադիմիր Պուտինը այլևս այն ուժը չէ, ինչ ներկայացնում էր առաջին նախագահական շրջանում:
Խնդիրն այստեղ այն է, որ մենք դրսի ուժերից առաջ պետք է հետևենք մեր շահերին՝ նայենք, թե ընդհանուր ժողովրդի շահերից ինչն է բխում, և ոչ թեիշխանությունը իր լծակները պահելու ուղղությամբ աշխատի, որպեսզի էլ ավելի շատ հարստություն կուտակի:Երբ դու ինքդ լինես գործոն, հետո կարող ես դրսի ուժերի հետ ըստ դրա կողմնորոշվել և փորձել այնտեղից մի բան կորզել՝ ի շահ սեփական Ժողովրդի:Իսկ մեզ մոտ հիմա փորձում ենկորզել միայն իրենց պահելու համար»:
Քաղաքագետը կարծիք հայտնեց նաև, որ մենք ժողովրդավարական համակարգում չենք և իշխանություն-ընդդիմություն տարանջատումը չի կատարվում գաղափարական, ազգային և ժողովրդի շահերից ելնելով.«Սա պարզ կլանիկ, օլիգարխիկ, հարստություն բաժանելու գործարք է: Սերժ Սարգսյանը կամ իր խմբակը, լինելով իշխանություն, ավելի շատ ուժ ևհարստություն էկուտակել և նաև կարողացել էայնպես աշխատել, որ իր լոյալությունն ազդի դրսի ուժերի մոտ՝ Արևմուտքի և Ռուսաստանի, իսկ ընդդիմադիր կոչվածը ո՞րն է այստեղ, երբ իրենք անընդհատ լեգիտիմացնում են համակարգը և չեն կարողանում ժողովրդի մեջ քաղաքացիական և քաղաքական հիմք ունենալ:Բնականաբար, երբ համակարգը սնանկանում է, առաջինը թույլերն են հեռանում: Եվ քանի դեռ իրենք չեն կարողացել հանրային կապիտալ կուտակել, իրենք թույլ կարգավիճակում են և, բնականաբար, մի օր ամբողջովին շարքից դուրս են գալու: Բայց դա ամենևին չի նշանակում թե Սերժն է մնալու, որովհետև նման համակարգերում, երբ իմիտացիոնը չի աշխատում, թույլերն են դուրս մնում, մնացածը դեգրադացվում են:
Եթե մենք չկարողանանք ինքնուրույն զարգանալ, այո՛, մենք դրսի ուժերի առաջ շատ մեծ վտանգների առաջ ենք: Սա է վտանգը և մարտահրավերը մեր բոլորին, և այս իշխող տարրերը, նույն ընդդիմությունը այդ գիտակցությունը չունեն և, դժբախտաբար, այդ խաղաքարտերով չեն խաղում: Սա մարտահրավեր է քաղաքացիական ոլորտին, որ կարողանան գիտակից զարգանալ և կարողանան քաղաքականությունը կերտելու նորոգել, որովհետև այն հիմա ամենաուղիղ իմաստով սնանկացած վիճակում է, և մենք հիմա քանի ուժեղ երկիր չենք, քանի այդ համակարգը սնանկանում է, նշանակում է` ամբողջ քաղաքական գոյությունն է վտանգվում: Նոր ուժերի հանդես գալը, քաղաքականության առողջացումը մեր առաջնահերթություններից է»:









































