ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությունը, նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ, մեկնել է ՌԴ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հատուկ նիստին` նվիրված պետական պատվերի տեղադրման համակարգի զարգացման խնդիրներին:
Նիստն անց է կացվում «Պետպատվեր 2011» ֆորում- ցուցահանդեսի շրջնակներում, որի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև ՌԴ վարչապետ Վ.Պուտինը:
Այս միջոցառումը գնահատվում է որպես երկխոսության արդյունավետ հարթակ պատվիրատուների և մատակարարների միջև:
Հայաստանյան կողմն այս առումով հետաքրքրված է էլեկտրոնային աճուրդների ներդրման միջոցով պետգնումների թափանցիկ, մրցունակ և ինովացիոն համակարգի ստեղծման ռուսաստանյան փորձին ծանոթանալու հնարավորությամբ:
«Հենց այս համակարգն է, մեր կարծիքով, պետգնումների նկատմամբ հավասարաչափ մատչելիություն ապահովելու համար լրացուցիչ գործիքներ ստեղծում, այդ թվում նաև` փոքր բիզնեսի համար` դրանով իսկ բարձրացնելով պետպատվերի որակն ու վստահելիությունը»,- զեկույցով հանդես գալով համաժողովի պատվիրակների առաջ՝ նշել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը` ընդգծելով, որ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է:
ՀՀ ՏՄՊՊՀ մամլո ծառայություն









































