«Իսլամական պետության» զինյալները Սիրիայում մահապատժի են ենթարկել Բելգիայի մուսուլման քարոզիչ իմամ Իլյաս Ազայաժին, որին կասկածում էին Բելգիայի և Մարոկկոյի հատուկծառայությունների հետ կապի համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով բելգիական ԶԼՄ-ներին:
Անցած տարվա աշնանը մամուլում մեծ արձագանք գտավ համացանցում լուսանկարի հրապարակումը, որում Բելգիայի վարչապետի տեղակալ, ներքին գործերի հավասար հնարավորությունների նախարար Ժոել Միլկեն ժպիտով կեցվածք է ընդունում իմամ Ազայաժի հետ, որը հայտնի է Սիրիայում ջիհադի կոչերով:
Նախարարը՝ Բելգիայի հատուկ ծառայությունների համակարգողն ու ահաբեկչության դեմ պայքարի կոորդինատորը, այն ժամանակ արդարացավ, որ պարզապես չի իմացել՝ իրեն ում հետ են լուսանկարել: Միաժամանակ, Ազայաժը երկար տարիներ լայնորեն հայտնի է եղել որպես մոլի արմատական: ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ նա կապված է եղել «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ:












































