ԱԺ-ում քննարկվեց պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած՝ «Պատմական և մշակութային անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Մշակույթի, կրթության և գիտության հանձնաժողովի ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը նշեց. «Ըստ նախագծի՝ տեղափոխությունը կարող է իրականացվել միայն բացառիկ դեպքերում, բայց քանի որ օրենքում ամրագրված է հուշարձանների մասնակի կամ ամբողջական փոփոխության կարգ, հենց դրա պատճառով այս օրենքի փոփոխությունը կարևոր է: Մեր հանձնաժողովր դրական է գնահատել այս օրենքը»:
Օրինագծի քննարկման ժամանակ մի շարք պատգամավորներ ներկայացրել են Երևանում և տարբեր մարզերում հուշարձանների հետ առկա խնդիրները:
«Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին կար մի հետաքրքիր հուշարձան, որտեղ Պուշկինը տեսել էր Գրիբոյեդովի դիակը: Օրերից մի օր մարզպետը որոշեց, որ լավը չէ այդ հուշարձանի տեղը, և որպեսզի այն լավ մատուցվի ժողովրդին, տեղափոխվեց ընդամենը մի քանի հարյուր մետր: Սա մշակութային վայրագության դեպք է, երբ իշխանության խելքը չի հասնում, որ խաթարվում է հուշարձանի էությունը»,-ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:
«Այս ամբողջ հարցը մեծ հաշվով բացվեց այն բանից հետո, երբ Լոռու մարզից մեծ թվով հուշարձաններ բերվեցին Երևան: Ես ուզում եմ իմանալ, թե ե՞րբ եք բերելու այդ հուշարձանները: Պայմանն այն էր, որ դրանք պետք է վերադարձվեն, դրանք շատ կարևոր են տեղի գյուղերի համար»,- նշեց Էդմոն Մարուքյանը:









































