ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը նախօրեին այցով Վրաստանում եղած ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը քննարկում է Վրաստանին պաշտպանական սպառազինություն մատակարարելու հարցը: Նա ողջունել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի հատուկ գործընկերոջ կարգավիճակի ստացումը և երկրին աջակցություն հայտնել դաշինքի հետ հարաբերությունների զարգացման գործում՝ հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
«Վրաստանի նոր կարգավիճակը՝ որպես ՆՏԱՕ-ի գործընկեր՝ ուժեղացված հնարավորություններով, երկրի համար դաշինք մտնելու նոր փուլ է: Համագործակցության խորացումը հատկապես կարևոր է այն ֆոնին, երբ տեղի է ունենում Ղրիմի բռնակցումը, որն ԱՄՆ-ը չի ընդունում, և որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար՝ այնպես, ինչպես Վրաստանում Ռուսաստանի գործողությունները»,- ասել է Հեյգելը:











































