ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը անիրական է համարում Ռուսաստանի պահանջները իրավական հիմքեր ներկայացնել ԵվրոՀՀՊ-ն իր դեմ չկիրառելու համար և առաջարկում է քաղաքական փաստաթուղթ ստորագրել ուժի փոխադարձ չկիրառման համար՝ հաղորդում է Ինտերֆաքսը:
«Իմ կարծիքով՝ քաղաքական փաստաթուղթը, որտեղ 29 պետությունների կառավարություններ հաստատում են այն, որ 1997թ. որոշվել էր ուժ չկիրառել միմյանց նկատմամբ, նույնքան ուժ ունի, որքան յուրաքանչյուր իրավական փաստաթուղթ»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա ընդգծել է, որ անիրական է ստանալ մի փաստաթուղթ, որը հաստատեն բոլոր 29 երկրների խորհրդարանները՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կարո՞ղ է փոխել երկու տարբեր համակարգերի ներկայիս ուղղությունները կամ էլ Ռուսաստանին իրավական հավաստիացումներ ներկայացնել ՀՀՊ համակարգերն իր դեմ չուղղելու վերաբերյալ:
«Մենք հրթիռային սպառնալիքը իրական ենք համարում: Նրանից մենք պետք է իրական պաշտպանություն ունենանք: Այդ պատճառով որոշել ենք ՀՀՊ համակարգ կառուցել: Միաժամանակ մենք հրավիրել ենք Ռուսաստանին համագործակցել: Կարող էինք համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի և ռուսական համակարգերի միջև»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Մեր ՀՀՊ համակարգը նպատակաուղղված չէ ոչ հարձակմանը, ոչ էլ ռուսական ստրատեգիական դիրքերի թուլացմանը»,- նշել է գլխավոր քարտուղարը:
«Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա արդեն անցել է 15 տարի, ինչ 1997թ. Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն համատեղ փաստաթուղթ են ընդունել, որը անվանվում է Հիմնարար ակտ: Այդ Հիմնարար ակտում մենք հայտարարում էինք, որ ուժ չենք կիրառելու միմյանց նկատմամբ: Մենք հավատարիմ ենք այդ պարտավորությանը և պատրաստ ենք հաստատել այն: Ես կարծում եմ, որ Ռուսաստանն էլ է հավատարիմ դրան»,- ասել է նա:







































