Գերմանացի նախկին ռեփեր Դենիս Կուսպերտը «Իսլամական պետություն» կազմակերպության ղեկավարությունից է, գրում է Bild am Sonntag թերթը։ Գերմանական հատուկ ծառայությունը նրան կասկածում է մարդկության դեմ հանցագործությունների համար։
Նախկին բեռլինցի ռեփեր Դենիս Կուսպերտը, որը հանդես է եկել DesoDogg բեմական կեղծանունով, պատկանում է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության գրոհայինների՝ ջիհադականների պարագլուխ Աբու Բաքրու ալ-Բաղդադիի մերձավոր նեղ շրջանակին։ Ինչպես կիրակի՝ սեպտեմբերի 7-ին գրում է Bild am Sonntag թերթը` հղում անելով սահմանադրության պահպանության բեռլինյան գերատեսչության զեկույցին, նախկին երաժիշտը, որն ստացել է Աբու Թալհա Ալ-Ալմանի իսլամական անունը, վերջերս հավատարմության երդում է տվել Ալ-Բաղդադիին։







































